Մի անգամ ճանապարհով գնում էի… Հանդիպեցի մի քարի – կեսը հողի մեջ էր, մյուս կեսը նայում էր աշխարհին, վրան հազար տարվա կանաչ-կարմիր քարաքոս կար: Մի երկու միլիարդ տարեկան կլիներ քարը, գուցե ավելի: Նայեցի քարին, քարը ինձ նայեց, հանկարծ լեզու առավ ու ասաց.
-Ես քար եմ… Բայց ուզում եմ ԱՎԵԼԻՆ լինել, քան քարը… Ես ուզում եմ Նոր Քար լինել:
Այդ ճանապարհին հանդիպեցի մի ծառի… Ծառը ծաղկել էր, պտուղ էր տալու: Բնի հաստությունից դատելով` մի երեսուն տարեկան կլիներ, բայց ծաղիկն ու տերևը շատ նուրբ ու բարդ գեղեցկություն ունեին – ծառի ցեղը քսան միլիոն տարեկան կլիներ: Ծառը լեզու առավ և ասաց.
- Ես ծառ եմ… Բայց ուզում եմ ԱՎԵԼԻՆ լինել, քան ծառը… Ես ուզում եմ Նոր Ծառ լինել:
Մի անգամ էլ հանդիպեցի մի ծիծեռնակի… Ծիծեռնակը սլանում էր աշխարհի վրա – մեկ դեպի վեր, դեպի ամպերն էր գնում, մեկ դեպի հողն էր սուրում… Թե ինչպե՜ս էր թռչում ծիծեռնակը, թե ինչպե՜ս էր խոսում աշխարհի հետ – ահա, դրանից երևում էր, որ նրա ցեղը մի տաս միլիոն տարի թռչում է մեր մոլորակի վրա: Մի պահ ծիծեռնակը թռավ իմ մոտով, լեզու առավ ու ասաց.
- Ես թռչուն եմ… Բայց ուզում եմ ԱՎԵԼԻՆ լինել, քան թռչունը… Ես ուզում եմ Նոր Թռչուն լինել:
Մի օր էլ այնպես եղավ, որ ինքս ինձ հանդիպեցի… Չնայած տարիքիս` այդ պահին ինձ պատանի էի զգում: Բայց երբ աչքերս փակեցի և երևակայությամբ մարդկային ցեղիս խորքը գնացի, զգացի, որ մի տասը կամ քսան միլիոն տարեկան եմ… Զգացի, որ թևերս ծանր են, աշխարհը ծանր է, երկինքն անգամ ծանր է – զգացի, որ ինչ-որ բան այս մոլորակի վրա փոխվելու է, որ ԱՅՍՊԵՍ կյանքը չի կարող շարունակվել: Եվ սիրտս լեզու առավ և ասաց.
- Ես մարդ եմ… Բայց ուզում եմ ԱՎԵԼԻՆ լինել, քան մարդը… Ես ուզում եմ Նոր Մարդ լինել:
Մնում է միայն երևակայել, թե ինչպիսին կլինի այն մոլորակը, որտեղ քարերը նոր են, ծառերը նոր են, թռչունները նոր են… Եվ մարդիկ նոր են...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3680741517654?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել