Ankakh.am-ը գրում է.
Երևանի Նաիրի Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյանը, ուսուցչական անձնակազմն ու աշակերտների ծնողները դիմել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հիմնավոր պարզաբանում ստանալու դպրոցների վարկանիշավորման չափանիշների վերաբերյալ: Նրանք դժգոն են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման արդյունքներից:
Հարգելի պարոն Աշոտյան
Ծանոթանալով դպրոցների վարկանիշավորման 2014-2015 ուստարվա արդյունքներին, ինչպես նաև Tert.am-ին տված Ձեր հարցազրույցին, հետևեցինք Ձեր իսկ խորհրդին՝ փորձեցինք «… կարողանալ, հասկանալ, թե որտե՞ղ է դպրոցի խնդիրը, որտե՞ղ է առավելությունը…»: Կրկին ուշադրությամբ վերանայելով վարկանիշավորման համար լրացված ձևաթղթի տվյալները և համեմատելով դրանք նախորդ ուստարվա նույն տվյալների հետ, ներկայացնում ենք Ձեզ մեր բողոքը, քանի որ «…վարկանիշից դժգոհելուց բացի…» ոչ մի փաստ չարձանագրվեց, որպեսզի կարողանայինք հետևել Ձեր խնդրանքին՝ «… դժգոհելու հենց մեր աշխատանքից, հասկանալու, թե որ ցուցանիշով ենք հետ ընկել»:
Առաջին հերթին կարևորում ենք մի հարց, որը պետք է ոչ միայն մտահոգեր, այլ տագնապի ազդանշան լիներ բոլոր նրանց համար, ովքեր զբաղված են վարկանիշավորման գործընթացով և, մասնավորապես, Ձեզ: Մի՞թե արդյունքներն ամփոփելուց չի արվել համեմատություն նախորդ տարվա արդյունքների հետ և Ձեզ չի՞ մտահոգել արդյոք այն փաստը, որ նախորդ տարվա Երևան քաղաքի դպրոցների շարքում 3-րդ տեղում և հանրապետության դպրոցների միջև 6-րդ տեղում գտնվող դպրոցը 2014-2015 ուստարվա արդյունքներով հայտնվել է 251-րդ հորիզոնականում: Խոսքը վերաբերում է մի դպրոցի, որը վարկանիշավորման համար անհրաժեշտ ցանկացած ցուցանիշով ցույց է տվել աճ՝ աշակերտների թվի, դասարանների քանակի, որակական ցուցանիշի, գերազանցիկների քանակի, գույքի ապահովվածության, Ձեր կողմից այդքան արժևորվող և հատուկ ուշադրության արժանացող մրցույթներում՝ «Կենգուրու»-8, «Մեղու»-8, «Ռուսական արջուկ»-9 դիպլոմակիրների և ֆիզմաթ դպրոցի կողմից կազմակերպված 6-րդ դասարանցիների էլեկտրոնային մաթեմատիկական օլիմպիադայի հաղթողի, վազքի միջազգային կիսամարաթոնի հաղթողի, շախմատի միջազգային մրցաշարում /Հունաստան/ հաղթողի՝ թե թիմային, թե անձնական հաշվարկով, «Նոր Ալիք» մանկական երգի միջազգային մրցույթի դափնեկիր Միքայել Վարոսյանի /ՄԻԿԱ/:
Մեր ցանկությունը մեծ է հասկանալու՝ արդյոք սրանք չե՞ն դպրոցների վարկանիշավորման կարևորագույն պայմանները: Եթե՝ այո, ապա խնդրում ենք հանգամանորեն բացատրել, թե որտե՞ղ է այն թերությունը, որը հեևանքով Նաիրի Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոցը հայտնվել 251 հորիզոնականում, ի՞նչ կարգով է հաշվարկվում վարկանիշը, եթե վարկանիշավորման մեթոդաբանության մեջ նշված կետերին համապատասխան ներկայացված աճած թվերը խայտառակ կերպով իջեցնում են դպրոցի վարկանիշը՝ ստվերելով կատարած մեծ աշխատանքը: Այս դեպքում առաջանում է հարց, թե ինչո՞ւ են ծնողները ջանում բերել երեխաներին այս դպրոց կամ տեղափոխել արդեն այլ դպրոցում սովորող երեխային մեզ մոտ ուսումնական տարվա ցանկացած ժամանակահատվածում: Ի դեպ, նշենք նաև, որ դպրոցի աշակերտների ծնողների կարծիքը կարող էր հաշվի առնվել, մանավանդ այն տարբերակում, երբ դպրոցի վարկանիշն ընկել է՝ հայտնվելով 251-րդ տեղում:
Ակնկալում ենք Ձեր արագ արձագանքը, քանի որ Ձեր պատասխանն անհրաժեշտ է 1157 աշակերտի ծնողների հզոր բանակի դժգոհությանը տրամաբանական և հիմնավորված բացատրություն տալու համար:
Երևանի Նաիրի Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոցի տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ուսուցչական անձնակազմ և աշակերտների ծնողներ: