PanARMENIAN.Net-ը գրում է.
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում շարունակում է անկում գրանցվել երկրում տիրող իրավիճակի պատճառով:
Թուրքական Milliyet թերթի տեղեկացմամբ՝ Գերմանիայում գործող TUI միջազգային զբոսաշրջային գործակալության միջոցով արվող ամրագրումները նույնպես նվազել են: Ինչպես հայտնել են գործակալությունից, 2016 թվականի ամռային հանգստի համար Թուրքիայի հյուրանոցներում ամրագրումներ անողների թիվը նվազել է 40%-ով:
Զբոսաշրջային գործակալությունը նշել է, որ թուրքական հյուրանոցներում ամրագրումների անկման պատճառով իր հաճախորդներին ներկայացնում է Թուրքիային այլընտրանքային ուղղություններ, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հունվարին Անթալիա այցելած ռուս զբոսաշրջիկների քանակը նվազել է 5 անգամ` նախորդ տարվա համեմատ: Ռուս զբոսաշրջիկների այցելությունների քանակի ռեկորդային անկումը մտահոգել է Անթալիայի բնակիչներին: Ըստ Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալների, ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից Անթալիա է այցելել ընդամենը 2427 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 12 870 մարդ, իսկ հանգստացողների ընդհանուր թիվը հունվարին ամենացածրն է եղել վերջին 10 տարում: