«Խռմփոցի ծագման առաջնային պայման է քնած ժամանակ մեջքի վրա պառկած դիրքը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ծխախոտի գերօգտագործումը: Ավելի բարդ դեպքերում խռմփոցը առաջանում է հայմորիտի, քթըմպանի շրջանի վնասվածքների, նյութափոխանակության խանգարման և այլ խնդիրների դեպքում»,- բացատրում է ԼՕՌ բժիշկ Սամվել Խաչիկյանը:

Խռմփոցը կարող է ծագել ցանկացած մարդու մոտ` անկախ տարիքից և սեռից, ազդանշան է, որ քնածի շնչուղիներով օդը դժվար է անցնում: 40 անց տղամարդկանց 50%-ը խռմփացնող է, իսկ կանայք ավելի քիչ տոկոս են կազմում` 25:

«Այդ տհաճ ձայնը արդեն 30 տարի ինձ չի թողնում հանգիստ քնել: Այսինքն՝ ինչ ամուսնացել եմ, մոռացել եմ քնելու մասին. ամուսինս գիշերները անդադար խռմփացնում է», -բողոքում է տիկին Անահիտը:

«Ես արդեն 15 տարի է՝ ամուսնացած եմ և նոր եմ սկսել ամուսնուս մոտ խռմփոցի նման ձայն լսել, սակայն դա ինձ չի անհանգստացնում. ամուր եմ քնում»,-ասում է Արմինեն:

«Ամուսնուս խորհուրդ էին տվել քնելուց առաջ ձիթապտղի յուղ կաթեցնել կոկորդի մեջ: Դա օգնեց ու խռմփոցը մեղմացավ»,-պատմում է տիկին Սիրանը:

«Գոյություն ունեն խռմփոցի հասարակ և վտանգավոր տեսակներ: Առաջին դեպքում մենք գործ ունենք ոչ այնքան բարձր հաճախականությամբ պատահող խռմփոցի հետ, խռմփացնողը արթնանում է քնից կատարյալ հանգստացած, ոչ մի թուլություն չի զգում, սակայն եթե խռմփացնողը անհանգիստ է քնում, նրա խռմփոցը խիստ բարձր է ու անկանոն, կա արտահայտված գիշերամիզություն, առավոտյան նա իրեն «ջարդված է» զգում, կա հիշողության անկում, ունի բարձր ճնշում, ապա կա անհանգստանալու պատճառ: Այդ դեպքում շատ հավանական է ապնոե (սրտի աշխատանքի դադար) կոչվող հիվանդության առկայություն լինի տվյալ անձի մոտ: Այդ վիճակը կարող է տևել մինչև 2,5 րոպե և դառնալ մահացության պատճառ»,- մեկնաբանում է Սամվել Խաչիկյանը:

Ապնոե հիվադությունը կարող է սպառնալ ամենքին, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ խռմփացնող կանանց միայն 3%-ն է տառապում այս հիվանդությամբ, իսկ տղամարդկանց մոտ այդ տոկոսը հասնում է 16-ի:

Խռմփոցը կանանց մոտ առաջանում է քթի միջնապատի թեքության, ծանր քաշերի պատճառով: «Կանայք կարող են սկսել խռմփացնել ժողովրդի լեզվով ասած «հորմոնալ խանգարումների» պատճառով: Այս դեպքում այն ավելի ուժեղ է արտահայտված»,- ասում է Ս. Խաչիկյանը:

«Մի քանի ամիս առաջ դիմել էի ատամնաբույժի: Ինչ-որ սխալ շարժում էր արել և վնասել էր նյարդս: Դրանից հետո սկսել էի ժամանակառժամանակ խռմփացնել: Բայց քանի որ դա ինձ շատ էր անհանգստացնում, դիմել եմ բժշկի և այսօր արդեն կարծես թե էլ չեմ խռմփացնում»,-ասում է 52-ամյա տիկին Գայանեն:

«Կանացի վիրահատությունից հետո ինձ մոտ ամեն ինչ խանգարվեց: Հիմա էլ սկսել եմ խռմփացնել: Քնելուց առաջ սպրեյներ եմ կաթեցնում, որ գոնե տանեցիները հանգիստ քնեն»,-պատմում է 56-ամյա տիկին Աննան:

Խռմփոցը բնորոշ է ծերունական տարիքին, սակայն այն երբեմն պատահում է նաև երեխաների մոտ: «Երեխաները կարող են խռմփացնել քթի քրոնիկ փակվածության, գլխի դիմային ոսկորների անոմալիայի ժամանակ: Խռմփոցի պատճառով խանգարված քնի հետևանքերը կարող են լինել կապրիզը, դիմադրողականության, էներգիայի, ուշադրության նվազումը: Այդ դեպքերում անհապաղ պետք է դիմել բժշկի»,-բացատրում է մանկաբույժ Թերեզա Թանկյանը:

Խռմփոցը կարող է պատճառ դառնալ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների և համակարգերի ախտահարման, քանի որ խանգարվում է թթվածնի մուտքը օրգանիզմ: Այս հիվանդության բուժման համար կան շատ մեթոդներ: Առանց բժշկական միջամտության այս հիվանդությունը կարելի է բուժել հետևելով քաշին, հրաժարվելով ծխելուց, քնաբերներ ընդունելուց, քնելուց առաջ և ընդհանրապես ալկոհոլ օգտագործելուց: Բժիշկ Խաչիկյանը խորհուրդ է տալիս զբաղվել նաև լեզվի, շնչառական համակարգի մարզումներով: «Բժշկական միջամտությունները կարող են արտահայտվել ինչպես դեղորայքների տեսքով, այնպես էլ փափուկ քիմքի վիրահատությամբ (ավելի բարդ դեպքերում), որը տևում է 15 րոպե և գրեթե անցավ է»,- պարզաբանում է Ս. Խաչիկյանը:

Խռմփոցը հիվանդություն է, այն էլ խիստ վտանգավոր, և այն նույնպես ունի բուժման կարիք:

Հ.Գ. Գիտնականները, 140 տղամարդկանց խռմփոց ուսումնասիրելով, եկել են եզրահանգման, որ դա հաղորդագրություն է հանգուցյալների աշխարհից: Նրանք այդ եզրահանգումը արել են խռմփոցի վերծանման արդյունքում և պարզել են, որ այն ունի իմաստ և նման է մարդկային խոսքին:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել