Երբ ապրում էի չքնաղ մի քաղաքում՝ Պրահայում, ես էլ էի ամեն օր աշխատանքի գնալիս մետրոյի կայարանում անպայման վերցնում այդ անվճար թերթը, որը հենց այդպես էլ կոչվում էր՝ ՙՄետրո՚: ՙՄետրո՚-ի գաղափարը հղացել է շվեդական մի լրատվական կազմակերպություն ավելի քան 20 տարի առաջ՝ 1995 թվականին: Հիմա այդ ՙՄետրոն՚ լույս է տեսնում 15 լեզուներով եւ հրատարակվում է մոտ 20 երկրներում: Ու, հավատացեք, շատ են կարդում՝ Եվրոպայում թերթ ընթերցողների ավելի քան 20 տոկոսը այդ անվճար թերթերն է կարդում:
Հիմա, երբ արդեն մեր մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում էլ կա անվճար թերթ, շատերն ասում են՝ սա կօգնի վերականգնել թերթ ընթերցելու մեր ավանդույթները: Մի բառով մեկնաբանեմ՝ հուսանք: Իհարկե, թերթ ընթերցելու ավանդույթ ունեցել ենք: Իմ սերնդակիցները հրաշալի կշիհեն, թե ինչպես էինք Սովետի ժամանակ ամեն առավոր թերթի կրպակների մոտ հերթ կանգնում: Ճիշտ է՝ հիմնականում ՙՀայաստանի ֆիզկուլտուրնիկ՚ էինք գնում, որպեսզի իմանանք, թե ինչ են գրում ՙԱրարատի՚ երեկվա խաղի մասին:
Ինչու եմ այնուամենայնիվ կասկածում, որ Հայաստանում երբեւէ կվերականգնվի թերթ ընթերցելու մշակույթը: Ցավոք՝ ողջ աշխարհում է այդպես՝ մարդիկ սկսել են թերթ չկարդալ: Թերթ կարդալու գագաթնակետը մոտ 10 տարի առաջ էր, հետո ամեն ինչ սկսեց գահավիժել: Այժմ ամեն տարի աշխարհի բոլոր թերթերի տպաքանակները նվազում են միջինը 2 տոկոսով: Թվում է, թե 2 տոկոսը այնքան էլ սարսափելի թիվ չէ: Բայց հաշվեք՝ եթե 2005-ից ի վեր ամեն տարի երկու տոկոսանոց անկում կար, ուրեմն մինչեւ հիմա թերթերի տպաքանակները կրճատվել են ավելի քան մեկ հինգերորդով, իսկ 50 տարի անց աշխարհում այլեւս լույս չի տեսնի ոչ մի թերթ: Գլխավոր պատճառը՝ ինտերնետի զանգվածային տարածումն է: Իրողություններ կան, որոնց դեմ ուղղակի ոչինչ չես կարող անել: Ողջ աշխարհում ընթերցողների ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոսը հիմա կարդում է թերթի ոչ թե տպագիր, այլ առցանց, այսինքն՝ ինտերնետային տարբերակը: Թաքցնելու բան չունեմ՝ ես էլ եմ մտնում այդ 80 տոկոսի մեջ:
Թերթը բիզնես է: Նույնիսկ անվճար թերթը՝ նույնպես բիզնես է՝ գովազդ է տարածում ու դրանով գոյատեւում է: Սակայն, կարծում եմ, չեք կարող չհամաձայնել աշխարհի երեւի թե ամենահայտնի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքի հետ՝ ՙԹերթերը ոսկու գետեր են, բայց այդ գետերը ժամանակին ցամաքում են՚: Մեկ այլ մեծահարուստի էլ մեջբերեմ: Ուորեն Բաֆեթը արդարացիորեն նկատել է՝ ՙԵթե հեռուստատեսությունը, ռադիոն եւ ինտերներտը ժամանակին միասին ծնվեին, թերթերի գոյությունն ընդհանրապես բացարձակ որեւէ իմաստ չէր ունենա՚: Կարո՞ղ եք վիճել:
Քանզի լրատվամիջոցներից խոսեցի, մի երկու խոսք էլ մեր, լրագրողներիս, մասին: Սովորաբար մեզ հայհոյում են: Ամեն տեղ՝ խոհանոցում, սոցիալական ցանցերում, խորհրդարանում: Ի տարբերություն պաշտոնյաների, որոնք յուրաքանչյուր քննադատական խոսքն իրենց հասցեին սվիններով են ընդունում, մենք դրան սովոր ենք: Այս շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից մեր մասին լավ բան են ասել: Նման բան 1000 տարին մեկ է պատահում: Կներեք, չեմ կարող չմեջբերել պատգամավոր Թեւան Պողոսյանին: ՙԼրագրողը նման է բժշկի: Մարդուս առողջական խնդիրներն ախտորոշելու, ախտերը բուժելու համար բժիշկը հաճախ ցավ է պատճառում: Դա անհրաժեշտ է եւ արվում է ավելի մեծ ցավը կանխելու, վերացնելու համար: Լրագրողների հարցերը շատ հաճախ բժշկի ասեղի ծակոցին են նման: Սակայն համաձայնեք, որ առանց դրանց հնարավոր չէ ախտորոշել հասարակության խնդիրները: Հարգանքով վերաբերվենք լրագրողներին՚: Հո դեմ չե՞ք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել