Մեր դպրոցները, ասում ենք, ամենաթշվառ դրության մեջ են, նոր իմաստակների ձեռքում խաղալիք են դարձել: Նրանք կորցրել են հին ձևը, որն թեև փտած էր, բայց ինքնուրույն էր և դարևոր փորձերի վրա էր հիմնված: Ո՛չ, այդպես չէ, պատասխանում են, և իսկույն ցույց են տալիս քեզ եվրոպական մանկավարժությունը: Թեև այդ եվրոպական մանկավարժություն ասած բանը այնքան են հասկանում մեր վարժապետները, որքան հասկանում են մեր աղջիկները եվրոպական մոդայով ձևած մի հագուստ, որ պատրաստ գնել էին ֆրանսուհի դերձակից:
Մեր եկեղեցին այլանդակվել է, ասում ենք, փոխել է իր նախնական պարզ կերպարանքը,
դարձել է ծիսապաշտության, շնորհավաճառության և անհավատության մի գործարան: Դու անկրոն ես, անհավատ ես, պատասխանում են, եկեղեցու սրբության դեմ չէ կարելի խոսել, մեր եկեղեցու նման ազատ եկեղեցի չկա:
Մեր եկեղեցական կառավարությունը, ասում ենք, դարձել է բաշիբոզուկների վարչություն.
կամայականությունը տիրում է կարգի և կանոնների վրա. անարժանները առաջ են
գնում, արժանավորները ճնշվում են: Իսկույն ստանում ես միևնույն հիմար պատասխանը, թե դու կրոնի դեմ ես խոսում, և հետն էլ ավելացնում են մի քանի հայհոյանքներ:
Մեր եկեղեցականները, ասում ենք, դարձել են անպիտան մշակներ. նրանց գիտությունը,
նրանց վարքը չէ համապատասխանում իրանց հանձն առած պաշտոնին: Նրանք ավելի
գայթակղեցնում են մեր ժողովուրդը, քան թե նրան մի բարոյական և հոգևոր ուղղություն են տալիս: Իսկույն քեզ ցույց կտան Ներսես Մեծին, Սահակ Պարթևին և Մեսրոպին: Իսկ այժմյաննե՞րը: Այժմյանները քավում են իրանց մեղքերը հների աշխատությամբ...:
Մեր լրագրությունը, ամսագրերը և եռամսյա հանդեսները, ասում ենք, փոխանակ արթնացնելու ժողովուրդը իր նախապաշարմունքներից, փոխանակ նոր և թարմ
մտածությունների հետ ծանոթացնելու, փոխանակ նրան դեպի ուղիղ ճանապարհը առաջնորդելու, ավելի մոլորեցնում են, ավելի թմրեցնում են նրան իր անշարժության մեջ: Այսպես պետք է կրթել ժողովուրդը, պատասխանում են քեզ: