Էներգակիրների գները աշխարհում շարունակվում են նվազել: Շատ երկրներում նույնիսկ էներգակիրների գնի ռեկորդային անկում է գրանցվել: Այլ է իրավիճակը Հայաստանում հատկապես գազի գնի հետ կապված: Գազի բարձր գնի պայմաններում ՀՀ տնտեսվարողները շարունակում են դժվարությունների հանդիպել և նրանք այդ մասին հայտնել էին նաև գործադիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Գազի գնի անկման պարագայում հնարավոր կլինի խրախուսել տնտեսվարողներին և ցածր ինքնարժեքով ու մրցունակ ապրանքներ արտահանել: Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները գազի գնի նվազեցման համար դիմել են ՌԴ իշխանություններին:
Պարզվում է, որ գազի գնի նվազումը բխում է ոչ միայն ՀՀ բնակիչների և տնտեսվարողների այլև «Գազպրոմ-Արմենիայի» շահերից, քանի որ գազի գնի բարձր մակարդակի պարագայում նվազել է գազի սպառումը, իսկ գնի իջեցումը կբերի սպառման ավելացման՝ արդյունքում նաև ավելի շահավետ «Գազպրոմ-Արմենիայի» համար: Ուստի գազի գնի իջեցման գործում «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, ինչպես որ հայտարարել է կառավարության ղեկավարը գործադիրի նիստում, մեծ գործ ունի անելու այս մասին իր վերադասին՝ «Գազպրոմ» ընկերությանը տեղեկացնելու հարցում:
Ամփոփելով նշենք, որ ստեղծվել են գազի գնի իջեցման ռեալ հնարավորություններ: