Amda.am-ը գրում է.
-Որտե՞ղ ես ծառայում,-հարցրեց հրամանատարը զինվորին:
-Մատաղիսի թագավորությունում,- հպարտ պատասխանեց զինվորը…
-Հայաստանի Հանրապետությունը սկսվում է Մատաղիսի թագավորությունից,- մեր հանդիպման ժամանակ լուրջ-լուրջ ասաց զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանը:- Մատաղիսը Հայաստանի Հանրապետության ամենագողտրիկ, ամենավեհ, ամենահաղթական անկյուններից է, և այսօր էլ մեր բանակի արքայորդիները՝ մեր զինվորները, անմնացորդ նվիրումով ու հավատով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը: Այսօր՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում, նրանք, աներկբա ընդունելով յուրաքանչյուր խորհուրդ, յուրաքանչյուր խրատ, որ տալիս ենք իրենց, վտանգելով իրենց կյանքը՝ կանգնում են ամուր և անսասան են պահում մեր Հայրենիքի դարպասները՝ թույլ չտալով, որպեսզի պատերազմը սահմանից տեղափոխվի թիկունք:
Երբ սեպտեմբերի 25-ին հակառակորդը հրետակոծեց մեր զորամասի դիրքապահ ուժերի թիկունքում տեղակայված ստորաբաժանումները, որտեղ զինծառայողները կրակային պատրաստության վարժանքներ էին կատարում, ցավոք, մենք ունեցանք ոչ միայն վիրավորներ, այլև կորուստներ՝ զինվորներ, որոնք հաղթական ոգևորությամբ, հպարտ եկել էին Մատաղիս՝ Հայրենիքին ծառայելու և պիտի վերադառնային թրծված, արիացած իրենց ծառայությամբ, սակայն հեռացան՝ թողնելով չսպիացող ցավ իրենց հրամանատարների, իրենց ծառայակից ընկերների սրտերում, ցավ՝ ոչ միայն կորստի ու ափսոսանքի, այլև պարտավորության գիտակցում՝ վրեժխնդիր լինելու և հակառակորդին արժանին հատուցելու…
Հրամանատարը լռում է…
-…Պարոն Ամիրխանյան, երբ Կենտրոնական հոսպիտալում զրուցում էի այդ օրը վիրավորված զինվորի հետ, նա պատմեց, որ իրենց հետ վարժանքի բարձրացած բժիշկ-մասնագետ Համբարձում Քենդերյանը, առաջին իսկ պայթյուններից հետո չկորցնելով իրեն, վազում էր մի վիրավորից դեպի մյուսը ու այնքան հուսադրող էր ասում՝ տղերք ջան, չվախենաք, պինդ եղեք, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է լինելու, որ ինքը հավատացել էր, որ իր բոլոր ընկերները ողջ են մնալու, որ նրանցից և ոչ մեկին չեն կորցնելու: Նրանք ավելի ուշ էին իմացել, որ իրենց ընկերներից չորսը զոհվել են, բայց այն վիրավորները, որոնց զարկերակը բժիշկ Քենդերյանը զգացել էր, փրկվել էին…
-Իսկապես, այդ օրը մեր զորամասի բուժծառայությունը արեց ավելին, քան հնարավոր էր պատկերացնել: Առաջին պայթյունից վայրկյաններ անց զորամասի բուժկետից դուրս էին եկել մեքենաները, և մեր բժիշկները՝ Սարգիս Վլասյանը, Արտակ Միրաքյանը, Տիգրան Մարտիրոսյանը, հասել էին դեպքի վայր: Չդադարող հրետակոծության, պայթող արկերի որոտի տակ, գիտակցելով, որ հաջորդ արկը կարող է իրենց վրա ընկնել, նրանք տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել վիրավորներին, ապա դուրս էին բերել նրանց և հասցրել նախ բուժկետ, ապա Մարտակերտի ԱԲՋ, որտեղ մասնագետները կազմ-պատրաստ սպասում էին վիրավորներին և առանց ժամանակ կորցնելու մասնագիտացված օգնություն էին ցուցաբերել, կյանքեր էին փրկել…
-Իսկ ինչպե՞ս են կարողացել դուրս բերել մյուս զինծառայողներին, որքան գիտեմ, մոտավորապես իննսուն զինվոր է եղել այնտեղ:
-Մեր հրամանատարների շնորհիվ… Արմեն Իսրայելյանը, Անդրանիկ Հայրապետյանը, Արթուր Ղասաբյանը արագ և ճիշտ կազմակերպել են նրանց ելքը ուսումնական ստորաբաժանումից, իսկ նման պայմաններում, երբ չգիտես հաջորդ արկը որտեղ կպայթի, առաջնորդել զինվորներին չափազանց դժվար է. յուրաքանչյուր որոշում կարող է ճակատագրական լինել:
Մեր զրույցի ժամանակ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Զոհրապ Մկրտչյանը պատմեց.
-Գիտեք այդ սարսափելի իրարարանցման ու դժբախտության մեջ մի աննկարագրելի ոգևորիչ իրողություն կար… Հրամանատարները պատմում էին, որ մեծ դժվարությամբ են դուրս բերել մյուս զինվորներին. նրանք չեն ցանկացել հեռանալ իրենց վիրավոր ընկերներից, հարցրել են բժիշկներին՝ բժիշկ ջան, ինչով օգնեմ, մի բան ասա, ես էլ անեմ… Ինչ կա ավելի զորեղ ու վեհացնող, երբ դու տեսնում ես, որ քո զինվորը շարունակվող հրետակոծության տակ չի թողնում իր ծառայակից ընկերոջը, երբ դու տեսնում ես, որ քո զինվորը, չվախենալով իր կյանքը կորցնելուց, չի հեռանում իր մահացած ընկերոջ դիակից…
-Զորամասի բուժկետում ես հանդիպեցի ժամկետային զինծառայող Արման Հովհաննիսյանին, ով դեպքի օրը այնտեղ էր եղել… Նա իր երեք ընկերներին էր կորցրել… Արմանը ասաց, որ հաջորդ օրը անվանականչի ժամանակ կարդացել են տղաների անունները ՝ Նորայր Խաչատրյան, Ռոբերտ Մկրտչյան, Հարութ Հակոբյան, Կարեն Շահինյան… և իրենք, հանելով գլխարկները, խոնարհվել են իրենց ընկերների անմահ հիշատակի առջև…
-Ես իրավունք չունեմ կոտրված թողնել իմ տղաներին,- ասաց գնդապետ Ամիրխանյանը,- մեզանից մի քանի կիլոմետր այն կողմ թշնամին է, և իմ զինվորը պիտի ամուր լինի… Երբ նրանք վերադարձան զորամաս, ես հավաքեցի նրանց, մենք կարողացանք տղաներին բացատրել, որ սա չէր կարելի նախապես իմանալ, կանխել, նույն արկերը կարող էին բնակելի շենքերի բակում, բնակելի շենքերի վրա ընկնել, որ սա ոչ թե մեկի սխալն էր կամ սխալի հետևանք, այլ թշնամու կողմից հերթական ստորություն էր, հերթական սադրանք, որը մենք չենք կարող, իրավունք չունենք անպատասխան թողնել… Բացատրեցինք, որ պետք է ավելի ուշադիր լինենք, զգոն լինենք, զգույշ լինենք, ուժեղ լինենք, որ պատժենք թշնամուն… Զինվորները մեզ նոր չեն ճանաչում, մեզ վստահում են և մեր ասածները այդ օրն էլ ընդունեցին աներկբա…
Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ վարչապետը եկել էին Մատաղիս: Նրանք հանդիպեցին, խոսեցին մեր զինվորների հետ: Նախարարը հիացմունքով ասաց. «Չեմ կարողանում հավատալ, որ այս տղաները երեկվա իննսուն հոգին են, որոնց վրա ընկել էին արկերը, որոնք հրաշքով են ողջ մնացել»: Նրանց մեջ դիրքեր բարձրանալու, հակառակորդին հարվածելու, սանձելու, ընկերների համար վրեժխնդիր լինելու անզուսպ վճռականություն կար… Իսկ հրամանատարի համար ամենաթանկը այդ վճռականությունն է, մարտական չընկճված ոգին, որ տեսնում է իր զինվորի աչքերում, և տեսնելով հավատում է իր զինվորի հաղթանակին:
Երբ զրուցում էինք հրամանատարի հետ, դրսում բարձր, խրոխտ ձայն հնչեց, չհասցրի լսել՝ ինչ ասաց ավագը իր զինվորներին, բայց շարունակությունը հզոր էր.
«-…. -Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
-Արծիվնե՜՛ր…
-Մե՛նք ենք, մե՛նք ենք, մե՛նք ենք:
-Ի՞՛նչ է պետք մեզ:
-Զե՛նք, զե՛նք, զե՛նք…»:
-Պարոն Ամիրխանյան, Ձեր զինվորները այնպիսի ոգևորությամբ են ասում՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, այնպիսի վճռականությամբ են զենք ուզում, որ չես կարող չհավատալ նրանց նվիրումին, նրանց պայքարի, պահանջի հաղթանակին…
-Ասեմ ավելին, մեր զինվորները հաղթում են տարբեր ճակատներում. Մատաղիսի զորամասի «հայ ասպետների» թիմը, գեղեցիկ խաղ ցուցադրելով, անցել է կիսաեզրափակիչ, «Բացահայտում» հաղորդաշարի հեղինակ-վարող Ռուբեն Եսայանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր հեղինակային երգը ներկայացրել է «Պրեմիերա» հաղորդաշարում և հաջորդ փուլ է անցել, Սարգիս Նիազյանը, գրավելով 1-ին տեղը, հաղթող է ճանաչվել Շախմատի համաբանակային մրցումներում, իսկ Հայկ Մաթևոսյանը մասնակցել է Սուսերամարտի միջազգային բաց առաջնությանը, որին, ի դեպ, մասնակցում էին ներկայացուցիչներ Քուվեյթից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Պարսկաստանից, Ռուսաստանից և հաղթելով բոլորին՝ վերադարձել է Մատաղիսի թագավորություն:
-Այսօր համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան Ձեր զորամասի, Ձեր մասին: Ամեն անգամ դիտելով դրանք՝ ինձ իսկապես ոգևորում է այն հանգամանքը, որ լինելով ուժային կառույցի ներկայացուցիչ՝ Դուք մեծ նշանակություն եք տալիս զինվորների հոգևոր դաստիարակությանը, հրավիրում եք հոգևորականների և կազմակերպում նրանց հանդիպումը, զրույցը զինվորների հետ: Ձեր ջանքերի, Ձեր օրինակի շնորհիվ հավատին ապավինելը որպես թույլ առաքինություն չի ընկալվում այլևս:
-Հավատը հոգու զենքն է, և իմ զինվորը պետք է հոգեպես նույնպես զինված լինի: Հավատը ուժ է, և իմ զինվորը պետք է այդ ուժով նույնպես պաշտպանված լինի: Մեր զորամասի հանդիպակաց բլրի վրա ես մեծ խաչ եմ կանգնեցրել: Երբ մութն ընկնում է, խաչի լույսերը վառվում են, և Մատաղիսի բոլոր դիրքերում կանգնած զինվորները, նայելով լուսավառ խաչին, ուժ են ստանում, հավատում են նրա պահպանիչ զորությանը ու ծառայում են անխռով: Նրանք իմն են… տասնութ տարի ծնողները պահել, սիրել, փայփայել են նրանց և ուղարկել են բանակ, իսկ ես իմ պարտքն եմ համարում պաշտպանել նրանց և անփորձանք ճանապարհել իրենց տուն, իրենց ծնողների մոտ:
Մութն արդեն ընկել էր. դուրս գալով պատշգամբ՝ ես և Համբարձումը նույնպես տեսանք բլրի վրա հաղթական կանգնած, լուսավոր խաչը և հավատալով Բարձրյալի զորությանը, ամենափրկիչ ներկայությանը՝ աղոթեցինք, որպեսզի յուրաքանչյուր զինվոր բարով վերադառնա իր տուն:
Էդիտա Մելքոնյան



