Եվ այսպես, կարծես թե ուրվագծվում են գալիք գումարման խորհրդարանի քաղաքական ուժերի դերակատարություններն ու ներգրավվածության ծավալները, և այսօր արդեն մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ ԲՀԿ-ն չի մտնելու կոալիցիա, քանի որ այն ավելի շատ պետք կգա ընդդիմադիր դաշտում։
Այսօր ստեղծված ներքաղաքական դրությունը ծնել է բացառիկ իրավիճակ, երբ նույնիսկ առանց որևէ ընտրակեղծիքի մյուս գումարման խորհրդարան անցնելու շանսեր չունեն ընդդիմության երբեմնի առաջամարտիկ ուժերը, իսկ այլընտրանքները քիչ են ու դեռ բավական չեն ամրացել։ Այսպես, ամենայն հավանականությամբ մենք մեկընդմիշտ հրաժեշտ կտանք Ժառանգությանն ու առավել ևս՝ ՀԱԿ-ին, իսկ նրանց փոխարինող միակ ուժը, որի մասին կարելի է խոսել այսօր, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է, որը, սակայն, որքան էլ ջանա, չի կարող 7-10 տոկոսից ավել հավաքել։
Քանի որ մեր իշխանությունները բնավ չեն ուզում Ղազախստանի իմիջն ունենալ ու 9-ը 1-ին հարաբերակցություն, ապա պետք է յուրային խաղացող, որն իր վրա կստանձնի ընդդիմադիր դաշտի առաջատարի դերը, իսկ ԲՀԿ-ից հարմար թեկնածություն ներկայումս գոյություն չունի։ Այնպես որ, ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա ՀՀԿ-ի հետ, ու մյուս խորհրդարանում նրանք միասին կունենան առնվազն 60 տոկոսը, իսկ մնացած մասը կբաշխեն ԲՀԿ-ի ու ՔՊ-ի միջև։ Հնարավոր է, որ խորհրդարան անցկացնեն ևս 1-2 այլ կուսակցություններ՝ զուտ կոնտրաստ ապահովելու համար։ Դա կարող են լինել նույն Ժառանգությունն ու Մարուքյանի նորաստեղծ «Լուսավոր Հայաստանը»։ Չի բացառվում նաև՝ Արթուր Բաղդասարյանի ռեֆորմացված ու ռեբրենդինգ արած ՕԵԿ-ը սողոսկի, բայց դա դեռ մեծ հարցական է։
Մեկ բանում կարելի է վստահ լինել. գալիք ընտրություններին ունենալու ենք օֆսայդերներ, ու գրեթե երաշխավորված է, որ ՀԱԿ-ին մեկընդմիշտ հրաժեշտ կտանք։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/02/blog-post_4.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել