Անապատը` երախը բաց, սուզվել էր նիրհի մեջ: Այժմ հանգիստ էր առնում ցերեկվա տանջող շոգից, շնչում էր ծանր ու քամոտ: Ահա բաց երախում նկատվեց լեզուն` կրակի երկնուղեշ սյուն` կարմիր, ինչպես հրաբուխը:

- Ի զե՛ն,- հրահանգեց միջին տարիքի ամրակազմ մի տղամարդ` քարավանապետը, և ընդամենը հինգ ուղտերից բաղկացած քարավանը ուղղություն բռնեց դեպի լույսի օազիսը:

... Հանկարծակի գրոհը շրջափակման մեջ վերցրեց քարավանին. ելք չկար, զոհեր պետք չէին, անհրաժեշտ էր հանձնվել:

Երբ գերյալներին մոտեցրին փոքրիկ ճամբարին` ինը-տասը վրաններ, ուղտեր, խարույկ, Մելքոնի սիրտը հանգստացավ. հասկացավ, որ ավարառու բեդվինների ձեռքը չի ընկել, հետևաբար փրկության ելք կար:

Խարույկի շուրջ նստածների թիվը չէր անցնի մեկ տասնյակը: Բացի երկուսից` ճերմակազարդ ու պատկառելի մի ծերունի և հաբեշական արտաքինով սևաթույր մի երիտասարդ, մնացյալներն աչքի էին ընկնում ռազմական սպառազինմամբ:

Մելքոնին` որպես քարավանի առաջնորդի, ներկայացրեցին ծերունուն:

- Ողջո՛ւյն, օտարակա՛ն, ի՞նչն է քեզ բերել մեր գիշերային ճամբար,- հարգալից հարցրեց ծերունին:

 

- Անունս Մելքոն է, իշխան եմ Հայոց կողմերից, փոքրաթիվ զորականներով ուղևորվում եմ Հուդայի երկիր:

Հարցաքննողները զարմացական միմյանց նայեցին: Սևամորթ պատանին նշանով մոտ կանչեց հաղթամարմին մի հարյուրապետի: Վերջինս, դյուցազնական ողջ հասակը կորացրած, ինչ-որ բաներ կամացուկ զեկուցեց իր տիրոջը:

- Վայել չէ իշխանազնին առևտրի մեջ մտնել, առավել ևս վաճառքի բեռ տեղափոխել, սակայն մեզ տեղյակ պահեցին, որ 2 բեռ անուշահոտ ու ընտրագույն խունկ կա բարձած ուղտերիդ,- համարձակութամբ խոսեց սևամորթ երիտասարդը,- ստո՞ւմ ես արդյոք:

- Հանիրավի այս մեղադրանքի համար պատրաստ եմ մենամարտի բռնվել քեզ հետ,- վրդովվեց Մելքոնը,- սակայն միայն այն բանից հետո, երբ ընծաս կմտուցեմ Տիրոջը:

- Հերովդեսի՞ն ես ծառայում,- զարմացավ պատանին:

- Չկա՛ ինձ համար թագավոր Աստծուց բացի. Նրան եմ ծառայում և նրան պիտի մատուցեմ Աստծուն վայել այս անուշահոտությունը:

Պատանին հեգնական մի ժպիտ նետեց Մելքոնի կողմը:

- Բաղդասարը երիտասարդ է, անհամբեր ու կրակոտ. դու նրանից մի նեղացիր,- մեղմ հորդորով միջամտեց ծերունազարդ այրը,- մենք թշնամիներ չենք, ե՛կ, նստի՛ր մեր մեջ, մանավանդ որ նույնն է մեր ճամփան:

Ծերունու ակնարկով սպասավորները հյուրին հրամցրեցին գինու գավը, և ուխտի առաջին գավը ջերմացրեց ներկաների հոգիները:

- Ես Գասպարն եմ,- խոսեց ծերունին,- Հնդկաց կողմերից եմ` հմուտ Արևելքի, Միջագետքի բաբելական գիտությունների ու հելլենաց իմաստությունների մեջ: Հարյուր տարուց ավելի է` երկինքն եմ կարդում ու թարգմանում, հարյուր տարվա ընթացքում ինչե՜ր ասես չեմ տեսել ու մահիցս առաջ պատրաստ էի այլևս չզարմանալ ոչնչի վրա, բայց...- Գասպարը հայացքը բևեռեց երկինք,- բայց որ աստղը արևից ուժեղ շողար անգամ կեսօրին... երբեք չէի հավատա, եթե աչքովս չտեսնեի:

Վերջին խոսքերի հետ ծերունին մատը ուղղեց դեպի երկնքում շողացող հսկայական աստղը:

- Գասպարի հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ինձ էլ վարակեց աստղի գաղտնիքը բացահայտելու ցանկությամբ, ու հիմա շեղվելով առևտրական ճանապարհիցս` նրա հետ շարժվում եմ աստղի ուղղությամբ,- հայացքը չկտրելով աստղից` մեջ ընկավ երիտասարդը:

- Հրա՜շք է, հրա՛շք. աստղը շարժվում է մեզ հետ միասին և ասես ինչ-որ տեղ է ուղեկցում,- մրմնջաց ծերունին` մտովի կարծես ինչ-ինչ հաշվարկներ անելով:

- Տիա՛րք,- խոսակցությունն ընդմիջեց Մելքոնը,- թո՛ւյլ տվեք ձեզ մի բան ցույց տալ:

Նա բարձր ձայնեց ենթականերից մեկին և օտար լեզվով, ինչ-որ բան հրահանգեց: Ծառաներն իրար անցան: Ճերմակ զգեստներով մի մարդ ծնկի իջած մոտեցավ Մելքոնին` ձեռքերում ընտիր կերպասների մեջ խնամքով դրված կաշվե գալարներ:

Մելքոնն ընտրեց դրանցից մեկը, երկյուղածությամբ համբուրեց և առանց աչքը դրանից կտրելու՝ դիմեց զրուցակիցներին.

- Սրանք իմ սրբություններն են` եբրայեցվոց օրենքն ու մարգարեները հունաբան թարգմանությամբ: Սրանցով Աստված խոսեց ինձ հետ և ես հասկացա, որ ճանապարհ ընկնելու ժամանակն է. ծնվել է Փառքի Արքան, ինչպես Եսային է գրել. «մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի»*: Հիմա, երբ խոսեցիք աստղի մասին, ես հիշեցի  Գրքի այն խոսքը, թե. «Ծագելու է Հակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու իսրայելացիներից...»**:

- Բայց ի՞նչ կապ ունեն քո այդ խոսքերը այս աստղի հետ,- զարմացավ Բաղդասարը:

- Ինչպե՞ս թե ինչ կապ ունեն. աստղը մեզ առաջնորդում է դեպի Դավթի քաղաք Բեթղեհեմ` հացի տուն:

Ծերունին ու երիտասարդը դարձյալ հարցական միմյանց նայեցին:

- Եվ ինչ կա այդ աննշան քաղաքո՞ւմ...

- «Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակավամա՛րդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է»***,- մարգարեացել է Միքիա մարգարեն. Բեթղեհեմում է ծնվելու երկնքից իջած հացը` Փրկիչն աշխարհի: Նա փրկելու է աշխարհը կործանումից, ազատագրելու է մարդկանց մահվանից, խաղաղություն ու սեր է պարգևելու...

- Է՜հ,- հոգոց հանեց Գասպարը` չսպասելով Մելքոն իշխանի խոսքի ավարտին,- ես չեմ հավատում այդ սառած ու անկենդան աստվածներին: Դարից երկար է կյանքս ու նրանցից ոչ մի օգուտ չեմ տեսել: Եվ, ի վերջո, ի՞նչ օգուտ կարելի է ակնկալել տաճարում դրված ոսկուց ու արծաթից, քարից կամ ոսկորից պատրաստված այդ կուռքերից: - Ծերունին ծիծաղեց,- իմ աստվածը երկինքն է, աստղերը, լուսատուները...

- Ների՛ր, գիտնակա՛ն, բայց չէ՞ որ երկինքը, աստղերն ու լուսատուները ևս անկենդան են ու անշունչ...

- Բայց դրանք գոնե օգնել են ինձ իմ կյանքում, ինչպես այս մեկը,- մատը դարձյալ ուղղեց դեպի աստղը:

- Հավատա՛, Փրկիչը նաև սրանց արարիչն է, Նա՛ է այս աստղը շարժողը:

- Ինչպե՞ս է նա շարժում այս աստղը, երբ ասում ես, թե նոր է ծնվել,- ընդդիմացավ մինչ այս լուռ հետևող Բաղդասարը:

- Իրականում ճշմարիտ ու կենդանի Աստծո համար անհնար ոչինչ գոյություն չունի, եղբա՛յր. Աստված, որ հավիտենական է, այսօր ծնվեց թագավորելու մեր սրտերում, որպեսզի մենք, որ ընթանում ենք խավարի ու մահվան ստվերների մեջ, լույս տեսնենք****: Հասկանո՞ւմ եք,- Մելքոնի աչքերն արցունքոտվեցին,- Նա ծնունդ է առել մեզ համար, Աստված` ամեն բանի տերն ու ստեղծիչը, մարդ է դարձել մեզ համար, որպեսզի մեզ համար էլ մահանա: Նա պետք է Գառան պես անմռունչ մորթվի և իր արյամբ սրբի մերմեղքեր*****, որպեսզի ապրենք ես, դուք և բոլո՜ր-բոլորը:

Մտախոհ լռություն տիրեց:

- Առավել ազնիվ քայլ չի կարող լինել, քան կյանքը հանուն ուրիշի կյանքի զոհելը,- ոտքի կանգնելով ասաց ծերունի Գապարը,- և քո Աստվածը, Մելքո՛ն, պետք է որ քաջ ու իմաստուն մեկը լինի... Նման քայլ ամեն մեկն իրեն  չի կարող թույլ տալ, դա հաստատ գիտեմ: - Երդվում եմ պատվովս, եթե քո խոսքերը ճշմարիտ էին, ես Նրան զմուռս կմատուցեմ, չտեսնված որակի զմուռս, որպեսզի ամենայն պատվով լինի նրա թաղումը:

- Իսկ ես,- միջատեց Բաղդասարը հիացական ձայնով,- պատրաստ եմ Նրան ընծայել ոսկի և անգին քարեր ու հարստություն, ինչպես վայել է պատվել իրական արքային:

Համընդհանուր ոգևորությունը կրկին փոխվեց լռության:

... Լռությունն աղոթի պես վարագուրեց զրուցակիցների սրտերը:

... Լուսաբացի հետ ճամբարը պոկվեց տեղից: Ուխտավորները մոգական մի ուժով ձգվեցին դեպի արևաշող աստղը:

- Լուսադեմին աղոթում էի,- ի լուր ամենքի հայտարարեց Մելքոնը,- ահա թե ի՛նչ կարդացի Եսայու գրքում. «Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։ Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։ Թագավորները գալու են դեպի քո լույսը, հեթանոսները՝ դեպի քո լույսի փայլը։ Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից և, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին։ Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետև ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստությունը քո կողմը պիտի դառնա։ Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր և տալու են Տիրոջ փրկության ավետիսը»******։

Առջևում Բեթղեհեմն էր:

 

շարունակությունը` Մատթ. 2:1-12                                                                (Սուրբ Ծնունդ, 2012)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել