«Freedom House»-ի՝ աշխարհում ազատության մակարդակի տարեկան զեկույցում Հայաստանը 2015-ին ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ անազատ լրատվամիջոցներով և ազատ ինտերնետով: Նույն իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահը նաև նշել է, որ «Հայաստանում դուք շրջապատված եք երկրներով, որոնք ունեն իրոք շատ կոշտ ավտորիտար համակարգ, ինչպիսիք են Ադրբեջանը կամ Ռուսաստանը: Այդ շրջապատում ժողովրդավարների համար չափազանց բարդ է գործել»: Անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի անփոփոխ «մասամբ ազատ երկիր» կարգավիճակին՝ «Freedom House»-ի փոխնախագահը նշում է, որ այն պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի ճնշմամբ և բացասական ազդեցությամբ, ինչով պայմանավորված է նաև Հայաստանի կողմից Եվրասիական, այլ ոչ թե Եվրոպական Միության նախընտրությունը: Ըստ պաշտոնյայի՝ անկախությունից ի վեր Հայաստանն իրականում եղել է կիսաժողովրդավարական երկիր, որտեղ անցել են տարբեր կուսակցությունների մասնակցությամբ ընտրություններ, սակայն հաղթող ուժն անպայման սանձել է քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացը և սահմանափակել ազատությունները: Ի դեպ, տարածաշրջանում մասամբ ազատ երկրներ են ճանաչվել միայն Հայաստանը, Թուրքիան և Վրաստանը: Տարածաշրջանի բոլոր մյուս երկրները ճանաչվել են անազատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: