2012 թվականին Հայաստանում ներդրվեց կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի (նույնականացման քարտերի) համակարգը, որն իր ծավալով ընդլայնվեց 2014թ. հունվարից՝ նոր անձնագրային համակարգին պարտադիր անցման օրենսդրական փոփոխություններից հետո: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, հերթերից խուսափելու, առավել արագ սպասարկում ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել համակարգը համալրել լրացուցիչ տեխնիկական միջոցներով:

Տեղաշարժվելու խնդիր ունեցող քաղաքացիներին անձնագրավորելու համար այս պահին ՀՀ տարածքում կիրառվում է ընդամենը 10 շարժական կայան, ինչը բավարար չէ ըստ անհրաժեշտության քաղաքացիների գտնվելու վայրում անձնագրավորման գործընթացն սկսելու դիմումներին օպերատիվ արձագանքելու համար, ինչի պատճառով քաղաքացիներն ստիպված են շաբաթներով իրեց հերթին սպասել:

ՀՀ ԱԳՆ- ից ստացված տեղեկության համաձայն արտասահմանյան մի շարք երկրների ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունները նույպես կարիք ունեն ներդնել այս համակարգը, որով կընդլայնվի այն երկրների ցանկը (դրանք այժմ 15- ն են), որտեղ ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է տրամադրել կենսաչափական անձնագրեր:

Հաշվի առնելով այս ամենը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բանակցել է «Լեհական արժեթղթերի արտադրամաս» ԲԸ- ի հետ և համաձայնություն ձեռք բերել կենսաչափական համակարգի լրացուցիչ տեխնիկական միջոցներ տրամադրելու վերաբերյալ: 2011թ. հուլիսի 28- ին կնքված պայմանագրի փոփոխություններով նախատեսվում է լրացուցիչ ձեռք բերել 65 հավաքածու կենսաչափական ստացիոնար և 15 հավաքածու շարժական կայան, 2- ական անձնագիր տպագրող և լամինացիոն սարք, 4 հատ փին- կոդ տպագրող սարք, ինչպես նաև 2 հազար հատ նույնականացման քարտ կարդացող սարք: Դրանց ընդհանուր արժեքը մոտ 890 հազար եվրոյին համարժեք դրամ է, սակայն ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախս չի նախատեսվում: Լեհական կազմակերպությունը համաձայնել է նշված գումարի դիմաց մատակարարել 23 հազար 600 կենսաչափական անձնագրի բլանկ, որոնց արժեքը կվճարվի դրանք իրացնելուց հետո:

ՀՀ կառավարությունն իր ս.թ. փետրվարի 4- ի նիստում մտադիր է հավանություն տալ խնդրի այս լուծմանը միտված համաձայնագրի նախագծին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել