Նորից ու կտրականապես պահանջում եմ դպրոցներն ազատել կրոնական բոլոր տեսակի դասերից։ Կրոնի պատմության անվան տակ դպրոցներում մի՛ խցկեք կրոնի դասերը։ Հայ ժողովրդի պատմություն առարկան արդեն ներառում է նաև Հայոց առաքելական եկեղեցու պատմությունը, և դպրոցներում անհրաժեշտություն չկա հատուկ նոր առարկա մտցնել կրոնի պատմություն անվան ներքո։ Դա դեմ է 21-րդ դարի առողջ տրամաբանությանը։ Եկեղեցիներում կրոնը քարոզեք, ինչքան կուզեք։ Դպրոցահասակ երեխաների ուղեղները գտնվում են ձևավորման շրջանում, և կտրականապես արգելվում է նրանց ուղեղները խցկել զանազան կրոնական անհեթեթություններ։ Թողեք՝ թող երեխան աճի, ուղեղը ձևավորվի, ու եթե նա կգտնի, որ իրեն կրոնական դաստիարակություն է անհրաժեշտ, կգնա դեպի կրոնը։ Կրոնի մշուշից հեռու պահեք մեր երեխաների մատղաշ ուղեղները։ Նրանք, եթե մթագնեցին կրոնով, ապա այլևս չեն հստականա, ու առողջ գիտելիքների համար անընկալունակ կդառնան մեր երեխաներից շատ շատերը։
Սա ահավոր վտանգներով է հղի։
Մուսուլմանական աշխարհի դժվարությունների մեծ մասը պայմանավորված է իսլամի խորացված ուսուցմամբ։ Նրանց դպրոցների մեջ մեծ տոկոս են կազմում կրոնականները, և դրա համար էլ ժողովրդի մեջ մեծ է կրոնամոլների տոկոսը։
Մենք աշխարհիկ պետություն ենք, և մեր մատաղ սերունդն էլ պիտի կրթվի աշխարհիկ կանոններին համապատասխան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: