Այսօր մի լրագրող (անունը չեմ նշի) շատ վիրավորված իր բողոքն էր արտահայտում ինձ: Բավականին կոպիտ տոնով ինձ բացատրում էր, որ ինքը պարտավոր չէ հետևել Ազգային ժողովի կայքին կամ իմ ֆեյսբուքյան էջին, որ իմանա, թե ինչպես պետք է ստանա հավատարմագիրը: Բավականին երկար բողոքի ընթացքում նաև ասեց, որ հիվանդ է եղել ու չի ստուգել մեր կայքն ու էլ.փոստը: Հետո ինձ «բացատրում էր», որ ես պարտավոր եմ հատուկ ջանքեր գործադրել, որ նմանօրինակ հարցերը լուծվեն հօգուտ լրագրողի: Որպես իր ասածի հիմնավորում ինձ հորդորում էր չզբաղվել տառակերությամբ և օրենքներից դուրս էլ աշխատել:
Բավականին երկար լսելուց հետո փորձեցի ներկայացնել իմ դիրքորոշումն ու նշեցի, որ մենք բավականին վաղուց ենք հայտարարել, թե ինչպես է պետք ստանալ հավատարմագիրը:
Ինքը պնդում էր, որ չի իմացել ու կես ժամ ուշ է հասել ԱԺ և դրա հետևանքով կես ժամ չարչարվել է (չարչարանքը լսելիս տպավորություն ստացա, որ հանրահայտ Mario խաղի դևի լևելն է հաղթահարել):
Տեսնելով, որ բացատրություններս որևէ կերպ իրեն չեն հետաքրքրում, ստիպված եղա ներողություն խնդրել, որ անձամբ չեմ գնացել իրենց տուն և անձամբ հայտնել վաղուց հրապարակված տեղեկատվությունը:
Ստիպված եղա նաև տեղեկացնել, որ պետական ծառայող եմ և իրավունք չունեմ իրավական ակտերն անտեսել: Մի խոսքով՝ թվում էր, թե ավարտվում է քննարկումը, բայց հանկարծ երկրորդ մեղադրանքը հնչեցրեց իմ հասցեին: Այս անգամ էլ ինձ մեղադրեց, որ ինքը էլ. ցանցի հանրահավաքների ժամանակ չի կարողացել անցնել Բաղրամյան պողոտայով: Ինձ մեղադրեց, որ ոստիկաններին չեմ հանձնարարել, որ իրենց թողնեն:
Փորձեցի բացատրել, որ ես իրավասու չեմ ոստիկանին որևէ բան հանձնարարել և այլն... Մի խոսքով, այսքանից հետո էլ ոչ ավել, ոչ պակաս՝ ինձ մեղադրեց դեմագոգիայի մեջ...
Աշխարհ-աշխարհ