10 հանցագործից միայն մեկն է իր կեղտոտ փողերի մի մասն ուղղում բարեգործությանը:
10 բիզնեսմենից միայն մեկն է իր շահույթի մի մասն ուղղում բարեգործությանը:
10 աշխատողից միայն մեկն է իր վաստակի մի մասն ուղղում բարեգործությանը:
10 կարիքավորից միայն մեկն է իր հացը կիսում իր նման կարիքավորի հետ:
Բարեգործության թեման արծարծելուց ես այն չեմ խառնում իդեալական պետություն ունենալու երազանքի հետ: Այո՛, ազնիվ իշխանության առկայության դեպքում կարիքավորների թիվն անհամեմատ քիչ կլիներ, բայց քանի որ այսօր այդպես չէ ապա ազնվություն պահանջելուն զուգահեռ գնահատում եմ յուրաքանչյուր բարեգործի արածը` իհարկե հասկանալով, որ նրանցից շատերն այս վիճակի մեղավորության իրենց բաժինն ունեն: Ի վերջո, հիվանդ երեխա ունեցողի համար բացարձակ էական չի, թե օգնություն տված գումարը հասարակ մահկանացուն է տալիս, թե որևէ հանցագործ: Սա պարադոքս չի, սա մեր կյանքի իրական պատկերն է: Փիլիսոփայությունը հոգևոր սնունդ է, որը ծայրահեղ կարիքի ու քաղցած մարդու համար առոչինչ է:
Ես ողջունում եմ բարեգործության ցանկացած դրսևորում, ի վերջո, յուրաքանչյուր բարեգործ կարող է դա չանել շատ շատերի նման: Իսկ թե ով ինչ դրդապատճառներով է դա անում, անկեղծ ասած, կարիքավոր մարդուն այդքան էլ հետաքրքիր չի:
Այսօր ոչ բոլորն են պատրաստ իրենց գրպանից թեկուզ 1000 դրամ տալ լրիվ անծանոթ մարդու:
Կանես դա ի սրտե, բացահայտ, փիառի համար, թաքուն, անանուն` ինձ համար միևնույն է, կարևորը՝ որևէ մեկի մատից մի փուշ էլ դու կհանես: