ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ…

Գևորգ Վարդանյանը խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ իր կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրա անունը նշված է բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։ Նրան այսպես են գնահատել. «Զորգեին, Աբելին, Կիմ Ֆիլբիին հավասար… իսկ գուցե և առավել»։ Քաջարի հայորդու սխրանքների մեծ մասը «հույժ գաղտնի» կնիքի տակ է. առայսօր բացված է նրա՝ տասնամյակներ ձգվող գործունեության լոկ առաջին էջը՝ «թեհրանյանը»։ Նրա ղեկավարած խմբին (հայեր, երկու ասորի և մեկ լեզգի) հաջողվում է կանխել «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ գերմանական հետախուզության ծառայության կազմակերպած մահափորձը («Երկար ցատկ»), որն իրականացնելու էր հայտնի Օտտո Սկորցենին՝ Հիտլերի սիրելին։
Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվել է մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալի։ «Իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկը «Թեհրան 43»-ն է։ Հենց այստեղ` Թեհրանում, Գևորգ Վարդանյանը ծանոթանում է իր ապագա կնոջ` հետագայում անվանի հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյան –Փահլևանյանի հետ, ով Թեհրանում գործող «Թեթև հեծելազոր» հետախուզական խմբի միակ կին անդամն էր: Պսակադրությունը տեղի է ունենում Թեհրանի հայկական եկեղեցիներից մեկում, 1946 թվականին:
Գևորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները կարող են ընդգրկվել շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում՝ որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ։
Ահա այսպիսին է Գևորգ Վարդանյանը, մարդ, ում համաշխարհային հետախուզության պատմության մեջ կատարած ներդրման մասին կարող ենք կռահել միայն։
Անվանի հետախույզն ու հայորդին Հայաստան կատարած իր հերթական այցելության ժամանակ, որը, ցավոք, վերջինը եղավ, ժամանակ գտավ ու ընդարձակ հարցազրույց տվեց «Հայ զինվոր» պաշտոնաթերթին. «Ես հպարտանում եմ հայ զինվորով, հայկական ուժեղ բանակով: Ես հեռվից հեռու հետևում հայկական բանակին և ուրախանում նրա հաջողություններով: Այնպես որ՝ մեծ սիրով»:

-Հսկայական է Ձեր ներդրումը խորհրդային արտաքին հետախուզությունում… Անկեղծորեն ասեք, երբևէ կարո՞ղ էիք մտածել, որ կարժանանաք Խորհրդային Միության հերոսի կոչման։

-Երբեք վարձատրություն չեմ ակնկալել… Հայրս սեփական ունեցվածքն էր ծառայեցնում իր գործին… Մտքովս անգամ չէր անցնի, թե երբևէ իմ իսկական անուն-ազգանունը բարձրաձայն կհնչի, էլ ուր մնաց՝ հերոսի կոչման արժանանամ… Հիշում եմ, սովորական օր էր. Գոհարը դուրս եկավ՝ խանութ, թե ուր… Տանը միայնակ նստած էի։ Հանկարծ հեռագրասարքն աշխատեց։ Սովորաբար հեռագրերը Գոհարն էր ընդունում։ Ստիպված ես մոտեցա սարքին։ Չափազանց սեղմ հեռագիր էր, իսկ կարճ հեռագրերը սովորաբար տագնապ, զգուշացում էին պարունակում։ Ես համարյա ահաբեկված ձեռքս առա հեռագիրն ու կարդացի… Աչքերիս չէի հավատում։ Նորից կարդացի. «Դուք արժանացել եք Խորհրդային Միության հերոսի կոչման, Գոհար Վարդանյանը՝ Կարմիր դրոշի շքանշանի…»։ Անսպասելիությունից շունչս կտրվեց… Վերադարձավ Գոհարը. «Ժորա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես սփրթնել, երեսիդ գույն չկա»։ Ասացի՝ «չէ՛, չէ՛, լավ բան է, կարդա»։ Գոհարը կարդաց… Մենք իրար գրկեցինք և ուրախությունից լաց եղանք։ Եվ ուղիղ ռեստորան գնացինք ու մի լավ քեֆ արեցինք… Ախր, այդ օրը 1984թ. մայիսի 28-ն էր, մեր հայրենիքի անկախության օրը… Պարգևները մենք ստացանք ամռանը՝ ՊԱԿ-ի նախագահ, բանակի գեներալ Չեբրիկովից, որոշակի մարդկանց շատ նեղ շրջանակում…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել