Մարդու կյանքը մշտնջենական սպասումների մի ընթացք է կարծես: Այդ ընթացքի մեջ է, որ մենք ժամանակ առ ժամանակ փորձում ենք մեր բաղձանքներն ինքներս իրականացնել, ինքներս կերտել մեր ապագան` անվերջ ճակատագրին ու բախտին մեղադրողից, անբան սպասողից ու դատարկ երազողից վերածվել ակտիվ “գործչի”: Այս է պատճառը, որ իր կյանքի ընթացքում ստեպ-ստեպ մարդը նախորոք վերաիմաստավորելով իր անցած ուղին ինչ որ պահերից սկսած որոշում է այլ կյանքով ապրել: մեծամասնության համար որևէ փոփոխության, նոր կյանքի սպասումների իրականացման ամենահատկանշական հանգրվանը ՆՈՐ ՏԱՐԻՆ է: Սակայն մեծ մասամբ մարդուս իղձերն ու ցանկություններն իրականություն չեն դառնում: Գլխավոր պատճառն այն է, որ յուրաքանչյուր, անգամ աննշան ցանկության իրագործման ճանապարհին, մարդը մոռացության է մատնում իր կողմից կատարվելիք գործողությունների անհրաժեշտությունը` ներքուստ փոխվելու, այլ` իր բաղձանքներին համապատասխան հատկություններ ձեռք բերելու, առ Աստված ձգվող բնավորության գծեր իր մեջ դաստիարակելու, ինքնապես և էապես փոխվելու, “այլ մարդ “ դառնալու, “վերստին ծնվելու” կարևորությունը: Այսինքն ինքը չփոխված ցանկանում է, որ ուրիշ` իր հանդեպ ավելի սիրառատ, առավել կատարյալ դառնա աշխարհը, ինքը մնալով չար ու իրեն որակելով որպես “արդարության համար պայքարող”` իր շուրջը բարություն սփռված լինի, մնալով գոռոզամիտ և այն որակելով որպես արժանապատվության զգացում` շրջապատված լինի բացառապես հանդուրժող ու խոնարհ մարդկանցով, լինելով ագահ ու աչքածակ, իսկ խոսքով առատաձեռն ու շռայլ` որպես այդպիսին էլ ընդունվի հասարակության կողմից, լինելով նախանձ և այն որակելով որպես "առողջ մրցակցության" գրավական` շրջապատված լինի իրեն սիրող մարդկանցով և այլն, և այլն: Այդպես երբեք չի լինում: Մարդն Աստծուց կուզեք, տիեզերքից, բնությունից թե ճակատագրից ՄԻՇՏ ՍՏԱՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԱՅՆ, ԻՆՉ ԱՄԲՈՂՋ ՀՈԳՈՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒՆԵՆԱԼ, ԱՅԼ ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ԻՆՔԸ ՎԱՍՏԱԿԵԼ Է ԻՐ ԱՊՐԱԾ ԿՅԱՆՔՈՎ, ԻՆՉԻՆ ՈՐ ԻՆՔԸ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ԱՐԺԱՆԻ Է: Մտածենք այս մասին…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/artashes.papazyan/posts/273336352791808
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել