Ըստ պատմական աղբյուրներից մեզ հասած տվյալների հայերը ունեցել են 3 Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ և Կաղանդ:Հին ժամանակներում մեր նախնիները Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին: Այդ ժամանակ էր, որ բնությունը հարություն էր առնում: Այդ օրն էլ հայ մարդը համարել է նոր տարվա սկիզբ կամ նոր տարեգլուխ և նշել է մեծ տոնախմբությամբ, փառաբանել բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը, աղերսել աստվածներին, որ տարին բերքառատ դարձնեն:
Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդության, Հայկ Աղեղնավորը այդ օրը սպանել է բռնակալ Բելին, ազատություն պարգևել իր տոհմին ու իր բոլոր հետնորդներին: Ենթադրում են, որ դա տեղի է ունեցել 2492 թվականի օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ Նավա-նոր, սարդ-տարի: Նավասարդի ամենամեծ հանդիսությունը տեղի է ունեցել Արածանի գետի ափին, Նպատ լեռան փեշերին: Այդ տոնախմբություններին ներկա էին լինում թագավորն ու թագուհին: Նոր տարվա ուտելիքները ինչ-որ չափով միասնական են եղել, որով բնորոշվել է հայկական բոլոր գավառների Նոր տարվա սեղանների ազգային բնույթը: Այդ սննդատեսակների մեջ առաջինը եղել է հայկական կլորահատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում: Նոր տարվա սեղանին մեր նախնիները դրել են հենց այդ ցորենից պատրաստված հաց, որպեսզի հայոց աստվածները բարեբեր դարձնեն տարին:
Հին հայկական առածն ասում է՝ «Նոր տարուն հաց չես փոխառնում», դա նշանակում է, որ Նոր տարվա սեղանին քո աճեցրած ցորենից թխած հացը պիտի դնես: Հայկական մի ուրիշ առած էլ ասում է. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի կուշանա»: Նգածաղիկը ամենահռչակված հայկական համեմունքն է: Այդ ծաղիկն աճում է Մասիսի լանջերին, այն քաղում, չորացնում և տարածում էին ողջ Հայաստանով մեկ: Նգածաղիկը բոլոր հայերին կապում էր բիբլիական լեռան հետ, ողջ ժողովուրդն իրեն կապված էր զգում Մասիսին, այսինքն՝ հայրենիքի սրտին:
18-րդ դարում Սիմոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ: Հունվարի մեկի ուտելիքների մեջ մտնում են «ն» տառով սկսվող մի քանի սննդամթերք նգածաղիկ, նուռ, նաշիհ ալյուրից թխած հաց, նուշ և այլն: Ուտելիքները ընտրել են «ն» սկզբնատառով, որպեսզի հարմարեցնեն տարվա անվանը՝ Նոր տարի, Նավասարդ:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/12/blog-post_1776.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել