Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո ընդարձակ հարազրույց է տվել «Կոմանդա» թերթին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հենրիխ Մխիթարյանի հանրաճանաչությունը հայրենիքում հսկայական է: Հայաստանը հպարտ է իր հայրենակցի նվաճումներով, իսկ լրագրողները նրան պարզապես հանգիստ չեն տալիս: Նրանցից մեկը համաձայնել է «Կոմանդայի» հետ կիսվել ուկրաինական լիգայի լավագույն ֆուտբոլիստի հետ շփման իր տպավորություններով:
- Հենրիխ, անցնող տարին ամենավա՞ռն էր քո կարիերայում:
- Իհարկե, բայց ես ցանկանում եմ, որ էլ ավելի լավ տարիներ լինեն: Ես դեռևս ոչնչի չեմ հասել, ցանկանում եմ հավատալ, որ առջևում էլ ավելի մեծ հաջողություններ են ինձ սպասում: Պետք է շատ աշխատել, սպասել քո հնարավորությանը և ճիշտ օգտագործել այն:
- Երևան մի՞շտ ես հաճույքով գալիս:
-Անկասկած, չէ՞ որ սա իմ հարազատ քաղաքն է: Ամեն անգամ ուրախությամբ եմ ստանում հավաքականի հրավերը, արձակուրդներս միշտ այստեղ եմ անցկացնում: Այդպես է նաև այս անգամ, չնայած, հնարավոր է, որ մի մասը ինչ-որ հանգստավայրում անցկացնեմ: Բայց ամենից շատ սիրում եմ հարազատներիս և մտերիմներիս հետ լինել: Ես կարոտում եմ նրանք:
- Բարեկամներդ շա՞տ են:
- Այո, շատ են: Մայրս, հարազատ քույրս և մյուս բարեկամները:
- Հանգիստ չե՞ն տալիս քեզ:
- Մենք փորձում ենք միասին հավաքվել: Խորոված ենք պատրաստում, ինչ-որ տոներ ենք տոնում: Հայրենիքում դրական հույզերի մեծ լիցքեր եմ ստանում, որոնք հետո օգնում են ֆուտբոլում:
- Իսկ ինքդ կարողանո՞ւմ ես խորոված պատրաստել:
- Դրա համար առանձնակի ժամանակ չունեմ (ծիծաղում է):
- «Շախտյորում» բնության գիրկ չե՞ն հրավիրում: Շեֆ-խոհարարի կարգավիճակով…
- Ոչ: Մեր բազայում ամեն ինչ պատրաստում են և շատ համեղ են պատրաստում: Այդ պատճառով մանղալ խնդրելու կարիք չկա:
- Դոնեցկում կա՞ն հայկական ռեստորան են:
- Իհարկե, բավական շատ:
- Գեղեցի՞կ քաղաք է:
- Շատ հարմարավետ եմ ինձ զգում այնտեղ, բայց աշխարհում ամենալավ վայրն իմ հայրենիքն է: Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ էլ այդպես կասի: Բոլոր մարդիկ պետք է հպարտանան իրենց ծննդավայրով:
- Երկրպագուների ուշադրությունը չի՞ խանգարում:
- Չեմ կարող գնահատել իմ ճանաչվածությունը: Շրջապատող մարդկանց ավելի տեսանելի է, թե որքանով է դա ազդում: Ինձ թվում է, որ ինձ դժվար է փոխելը: Ես միշտ բաց եմ երկրպագուների հետ շփման համար: Այն երկրպագուների համար, ովքեր ուրախ են իմ, իմ ակումբի և հավաքականի հաջողություններով:
- Դժվա՞ր է հայտնի լինելը:
- Երբեք չեմ ձգտել առանձնանալ ամբոխից, այդ պատճառով դրա հետ կապված խնդիրներ չունեմ: Ինձ դուր չի գալիս լինել ուշադրության կենտրոնում: Սիրում եմ քայլել քաղաքի փողոցներով: Ապրում եմ «որքան համեստ, այնքան լավ» կարգախոսով: Իսկ հայտնի ինձ ընդհանրապես չեմ համարում: Կրկնում եմ, դեռևս ընդհանուր առմամբ ոչ մի նշանակալից բան չեմ հասել: Այն, ինչ կարողացել եմ անել, քիչ է: Ես ավելին եմ ուզում:
- Այդպես են քեզ դաստիարակել ծնողնե՞րը:
- Այո, ես ֆուտբոլային ընտանիքում եմ մեծացել: Հայրս, այժմ, ցավոք չկա, խաղացել է բարձր մակարդակով, մայրս արդեն մոտ 15 տարի է աշխատում է հայկական ֆեդերացիայում: Հիմա նա հավաքականների կոմիտեի քարտուղարն է: Իսկ քույրս մենեջեր է ՈՒԵՖԱ-ում:
- Ինչպե՞ս է նա հայտնվել այնտեղ:
- Մոնիկան սովորում էր Լիոնում, պրակտիկա անցնելուց առաջ ինքնակենսագրություններ ուղարկեց միանգամից մի քանի կազմակերպությունների: ՈՒԵՖԱ-ում միանգամից արձագանքեցին, իսկ հետո էլ մշտական աշխատանք առաջարկեցին:
- Կոնկրետ ինչո՞վ է այնտեղ զբաղվում:
- Քույրս Միշել Պլատինիի օգնականն է:
- Հարազատները ձեզ քննադատու՞մ են:
- Երբեմն շատ: Հասկանում են, թե երբ ես լավ խաղում, իսկ երբ՝ վատ:
- Ինչպիսի՞ն ես հիշում հայրիկիդ:
- Առաջին հերթին նա շատ լավ հայր էր: Նա միշտ իմ սրտում է, և ես հպարտ եմ, թե ով է եղել իմ հայրը և թե ինչպես են նրա մասին արտահայտվում մինչ այժմ: Ինձ համար նա օրինակ էր ամեն ինչի համար: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ:
- Համլետ Մխիթարյանի ո՞ր ֆուտբոլային դասերն ես յուրացրել:
- Յոթ տարեկանում ինձ համար դժվար էր ինճ-որ կոնկրետ բան հիշելը: Այդ տարիքում դժվար է հասկանալ ինչ-որ նրբություններ, բայց սպորտի նկատմամբ սերը հայրս, անկասկած, ինձ մեջ սերմանել է:
- Ծնողները պնդու՞մ էին, որ ֆուտբոլիստ դառնաս:
- Ոչ:
- Ո՞վ քեզ տարավ ֆուտբոլի:
- Ութ տարեկանում մայրիկիս հետ գնացինք «Փյունիկի» ակադեմիա: Այնտեղ էլ ամեն ինչ սկսվեց:
- Առաջին մարզչին հիշու՞մ ես:
- Իհարկե, չնայած քիչ մարզիչներ չփոխվեցին սովորելու տարիներին: Ես նրանց բոլորին էլ շնորհակալ եմ: Իսկ առաջին մարզչիս հետ զանգահարում ենք միմյանց: Արձակուրդի ժամանակ, երբ գնում են «Փյունիկի» բազա մարզվելու, հաճախ եմ հանդիպում այն մասնագետներին, ովքեր ինձ սովորեցրել են: Հաճույքով շփվում եմ նաև փոքրիկների հետ:
- Հարազատ դպրոց նվերներո՞վ ես գնում:
- Դրա անհրաժեշտությունը չկա: Հիմա ժամանակներն այլ են, երեխաների հետ աշխատելու պայմանները բարելավվել են: Բայց երբ իմ աջակցության կարիքն է լինում, մարդիկ գիտեն, որ իմ վրա կարելի է հույս դնել: Բավական է միայն զանգահարելը:
- Գաղտնիք չէ, որ Ձեր մանկության կուռքը եղել է Զինեդին Զիդանը: Դա Ֆրանսիայում ապրելու՞ ազդեցությունն էր:
- Միգուցե և այդպես է: 1990-ից 1996-ը ընտանիքս ապրել է այդ երկրում, այնտեղ էր ելույթ ունենում հայրս, այդ պատճառով դրանից հետո համակրում էի Ֆրանսիայի հավաքականին, որը հաղթեց 1998 թվականի Աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի առաջնություններում: Ես հենց այդ ժամանակ էլ հիվանդացա ֆուտբոլով, իսկ Զիդանը պարզապես անկրկնելի էր: Խաղադաշտում կարողանում էր անել գործնականում ամեն ինչ:
- Բրազիլացիներին ավելի ու՞շ սկսեցիր երկրպագել:
- Ոչ այնպես ինչպես ֆրանսիացիներին, չնայած, որ Հարավային Ամերիկայում անցածս ստաժավորումն ինձ շատ բաներ սովորեցրեց:
- Այնտեղ ինչպե՞ս հայտնվեցիր:
- «Փյունիկ» և «Սան Պաուլու» ակումբները համագործակցության պայմանագիր էին ստորագրել, որի պայմաններից մեկն էր ֆուտբոլիստի պարբերական փոխանակումը: Կարծեմ, դա կես տարին մեկ էր լինում: Ուրիշ տղաների և մարզչի հետ մենք չորս ամսով մեկնեցինք Բրազիլիա: Ապրում էինք բազայում, այնտեղ սովորում և մարզվում էինք:
- Լեզուն տեղո՞ւմ սովորեցիր:
- Ընդհանուր առմամբ այո, թեև մեկնելուց առաջ էլ փորձում էի ինչ-որ բան սովորել:
- Դո՞ւր եկավ:
- Հարցնու՞մ ես: Պարզապես գերազանց ֆուտբոլային դպրոց էր:
- Ֆիրմային տեխնիկան այնտե՞ղ ես մշակել:
- Մասամբ դա էլ իր դերն ունեցավ: Այն ժամանակ 13 տարեկան էի: Տեղի տղաների հետ մարզվելը հաճելի էր:
- Հնարավոր է, որ քո փափուկ և ճկուն խաղոճն այնտեղ էլ ձևավորվել է:
- Ինձ պատմել են, որ դեռևս Սովետական Միության ժամանակ հայ ֆուտբոլիստներին անվանում էին սովետական բրազիլացիներ: Կովկասցի ֆուտբոլիստների տեխնիկան, հավանաբար, արյան մեջ է:
- Ներկայումս հայտնի ֆուտբոլիստներից ու՞մ ես հանդիպել Սան Պաուլուում:
- Դենիլսոնին, որն այժմ Լոնդոնի «Արսենալում» է խաղում: Հիշում եմ նաև Էռնանեսին: Հա այժմ «Լացիոյում» է խաղում:
- Հենրիխ, արդեն պրոֆեսիոնալ մակարդակով ելույթ ունենալով «Փյունիկում, դու հավանաբար երազում էիր ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու մասին…
- Ոչ միանգամից: Այն ժամանակ մեր առաջնությունը շատ ավելի ուժեղ էր, դա հիմա է, որ բոլոր երիտասարդ խաղացողներին ձգտում են արտասահաման ուղարկել տեղի առաջնության մակարդակը գերազանցելուց հետո: Ընդ որում ուղարկել, այլ ոչ թե վաճառել: Իսկ առաջ ավելի շատ կային ուժեղ թիմեր, լավ ֆուտբոլիստներ էին խաղում: Փորձառու կատարողներ կային ինչպես «Փյունիկում», այնպես էլ այլ ակումբներում:
- Դու փորձաշրջան անցար ֆրանսիական «Լիոնում», բայց տեղափոխվեցիր Դոնեցկի «Մետալուրգ»: Ինչո՞ւ:
- Ես «Լիոնում» փորձաշրջան չեմ անցել, դա սխալ ինֆորմացիա է:
- Բայց «Մետալուրգից» բացի այլ տարբերակներ էլ կային, չէ՞: Տրվում էին Կիևի «Դինամոյի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» անունները:
- Տարբերակներ կային, բայց հիմա դա ոչ մի նշանակություն չունի: Ես չեմ ափսոսում, որ տեղափոխվեցի Դոնեցկ: «Մետալուրգի» օգտին որոշում կայացնելու հարցում վերջին դերը չխաղաց այն հանգամանքը, որ այս ակումբում շատ էին հայերը, իսկ թիմը մարզում էր Նիկոլայ Կոստովը, որը ժամանակին աշխատել է «Բանանցում»: Մարզիչն ինձ լավ էր ծանոթ և ցանկանում էր, որ նրա մոտ խաղամ: Մարզչի վստահությունն ամենակարևորն է: Ինչպես էլ քեզ չվերաբերվեն ղեկավարությունում:
- Ուկրաինայում դժվա՞ր հարմարվեցիր:
- Ոչ, սկզբում ինձ օգնում էր Արարատ Առաքելյանը, որն այն ժամանակ խաղում էր «Մետալուրգում»:
- Ինչպե՞ս էր քեզ վերաբերվում Կոստովը:
- Ամեն ինչ լավ էր: Այս մասնագետի մոտ կարգապահությունը միշտ առաջին տեղում էր և դա շատ էր օգնում: Մարզիչը կարողանում էր թիմային խաղ դնել, գտնում էր ֆուտբոլիստների համար անհրաժեշտ բառերը: Նա միշտ խոսում էր տղաների հետ, հասկանում էր նրանց, բաց մարդ էր: Մենք միշտ միասին էինք խաղադաշտում, ճաշարանում, ամենուր: Կարծում եմ, որ Նիկոլայ Կոստովն ամենևին չի փոխվել և շուտով կհամոզվենք Լվովի «Կարպատների» օրինակով: Ես նրանց հաջողություն եմ մաղթում:
- 2010 թվականի գավաթի խաղարկության եզրափակիչը ձեր «Մետալուրգի» գագաթնակե՞տն էր:
- Հնարավոր է: Այն ժամանակ մենք ցավալի պարտություն կրեցինք «Տավրիայից»: Պարտվում էինք 0:2 հաշվով, հետո հավասարեցրինք հաշիվը, բայց պարտվեցինք լրացուցիչ ժամանակում: Ինձ թվում էր, որ մեր թիմն ավելի ուժեղ էր, սակայն պարզապես մեր բախտը չժպտաց: Չնայած, կարծում եմ, որ դա մեր մրցաշարն էր, չէ որ եզրափակիչի ճանապարհին մենք հաղթահարեցինք «Կարպատներին», «Դնեպրին» և «Շախտյորին», սակայն ցավոք չստացվեց:
- Կիսաեզրափակիչում վատ չխաղացիր հանքափորների դեմ: Այդ խաղից հետո հարևանները քեզ հրավիրեցի՞ն:
- Ոչ: Հրավերը ստացվեց արդեն հաջորդ մրցաշրջանի ընթացքում, օգոստոսի վերջին՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց անմիջապես առաջ: Ամսի 30-ին մենք Դնեպրոպետրովսկում հաղթեցինք «Դնեպրին», վերադարձանք Դոնեցկ և ես պայմանագիր ստորագրեցի:
- Նման առաջարկներից չե՞ն հրաժարվում:
- Կոնկրետ խոսակցություն տեղի ուենցավ: Մնացած բոլոր տարբերակնրը (ինձ ուղարկում էին մեկ «Տոտտենհեմ», մեկ «Վերդեր») շշուկների մակարդակով էին: Մոտ մեկ շաբաթ մտածեցի, եկա այն եզրակացության, որ ինձ ամեն բան բավարարում է: Պակաս կարևոր չէր այն, որ ստիպված չէի ինչ-որ բան փոխել կենցաղային առումով, քանի որ մնում էի նույն քաղաքում, որին արդեն սովոր էի: Բայց գլխավորն այն էր, որ քայլ կատարեցի դեպի առաջ՝ հայտնվելով նման ակումբում: Չի կարելի ասել, որ ժամանակ չպահանջվեց հարմարվելու համար, քանի որ ես պետք է հարմարվեի նոր թիմակիցներին, այլ խաղաոճի: Բայց մարզչական շտաբի շնորհիվ մերման գործընթացը երկար չտևեց: Տղաներն էլ ինձ շատ օգնեցին և հեշտությամբ ընդունեցին կոլեկտիվում:
- Նրանցից շատերին հավանաբար ճանաչում էիր: Հաճա՞խ էիր ներկա լինում «Շախտյորի» հանդիպումներին:
- Գրեթե երբեք չեմ եղել: Ժամանակ քիչ կար, երբեմն մեր խաղերը նույն ժամանակ էին լինում, այդ պատճառով մարզադաշտ չեմ գնացել:
- Ասում ես, որ թիմը քեզ միանգամից ընդունեց: Դա բրազիլացիների՞ն էլ է վերաբերվում:
- Իհարկե: Ես չեմ ցանկանում կոլեկտիվը բաժանել բրազիլացիների և այլն: Մենք մի ընդհանորություն ենք:
- Պարզապես Ուկրաինայում ասում են, որ երբեմն «Շախտյորի» լեգոներները միայն միմյանց միջև են խաղում:
- Ճիշտ չէ, առանց թիմակիցների ես երբեք այսքան գոլ չէի խփի: Ինձ միշտ հարմար և ժամանակին փոխանցումներ են կատարում:
- Միգուցե օգնեց Բրազիլիայում եղած լինե՞լը, լեզվի իմացությո՞ւնը:
- Ես այդ ժամանակ գրեթե բոլոր բառերն արդեն մոռացել էի: Յոթ տարի էր անցել: Հիմա արդեն կարողանում եմ մի քանի բառ փոխանակել, բայց ինձ հաջողվեց պորտուգալերենը բարելավել հենց «Շախտյորում»:
- Հավաքների ժամանակ բրազիլացիներից ինչ-որ մեկի հետ նույն համարը կիսո՞ւմ ես:
- Ոչ, Դիմա Չիգրինսկու հետ: Իսկ բազայում իմ հարևանը Ռազվան Ռացն է:
- Դոնեցկում միշտ խաղացել ես 22 համարով, և՛ «Մետալուրգում», և՛ «Շախտյորում»: Ինչո՞ւ ես նման ընտրություն կատարել:
- Քանի որ մեջքիս այդ թվերն էի կրում նաև Հայաստանում: «Մետալուրգում» գիտեին այդ մասին և միանգամից առաջարկեցին այդ համարը: Ես այն ընդունեցի: Երբ տեղափոխվեցի «Շախտյոր», այտեղ էլ մենեջերներն ասացին, որ 22 համարն իմ տրամադրության տակ է: Այդպես ստացվեց, չնայած ինձ համար դա չէ գլխավորը: Ես ամենևին էլ սնահավատ չեմ:
- Ընդհանրապե՞ս:
- Ոչ նման բաների չեմ հավատում:
- Չէի՞ր հավատում նաև նախորդ առաջնության վերջում, երբ շատ պահեր ունեիր, բայց գոլեր չէիր խփում:
- Ես հասկանում էի, որ պետք է ավելի շատ աշխտել այս կամ այն որակի վրա և գոլերն անպայման կգան: Այդպես էլ եղավ: Լինում են տարբեր փուլեր: Այս տարվա վերջին խաղերում էլ ինձ մոտ կաղում էր իրացումը: Երբեմն գոլ խփելու հսկայական ցանկությունը նյարդայնության և շտապողականության է բերում, իսկ դա չի կարելի թույլ տալ: Պետք է միշտ պահպանել սառնասրտությունը:
- Բայց ինքդ քեզ համա՞ր բացահայտեցիր արդյունավետության գաղտնիքը:
- Ամեն ինչ շատ պարզ է: Ես հիանալի թիմակիցներ ունեմ: Միայն նրանց շնորհիվ է ինձ հաջողվել շատ գոլեր խփել: Բացի այդ կան մարզիչների գրագետ հուշումները…
- Հենրիխ, երեք բառով ինչպես կբնութագրես քո ներկայիս մարզիչ Միրչա Լուչեսկուին:
- Խելացի, ուժեղ, հաղթող:
- Իսկ «Շախտյորի» նախագահի՞ն:
- Ճիշտ նույն կերպ: Նա մի մարդ է, որը միշտ ցանկանում է հաղթանակների հասնել և երբեք չբավարարվել ձեռք բերածով: Ինձ թվում է, որ ողջ «Շախտյորը» հիմա ապրում է այդ սկզբունքով. այն ինչ արել ես, լավ է, բայց պետք է առաջ նայել:
- Ո՞վ է թիմում գլխավոր հեղինակությունը:
- Մեզ մոտ հեղինակություններ չկան: Մերը մեկ ընտանիք է:
- Անեկդոտների գլխավոր մասնագետը կասե՞ս ով է:
- Անեկդոտ յուրաքանչյուրը կարող է պատմել, բայց կոնկրետ ինչ-որ մեկին չեմ ցանկանում առանձնացնել: Մենք համերաշխ կոլեկտիվ ունենք:
- Իսկ տեխնիկապես ամենուժեղ ֆուտբոլիստը կասե՞ս ով է:
- Ոչ, բոլորն էլ լավ տեխնիկա ունեն: Անկախ նրանից, բրազիլացի է, թե ոչ: «Շախտյորում» ուրիշների չեն պահում:
- Իս ո՞վ է ամենաարագը:
- Այստեղ բացառություն կանեմ և, թերևս, կնշեմ Սլավա Շևչուկին:
- Ո՞ր պաշտպանին է ամենից դժվար շրջանցել մարզման ժամանակ:
- Բոլորին: Յուրաքանչյուր մարզումը մեզ համար փորձության նման մի բան է: Բոլորը կոշտ են գործում, ոչ ոք չի ցանկանում զիջել: Ֆուտբոլիստները փորձում են հայտնվել մեկնարկային կազմում, այդ պատճառով էլ հարյուր տոկոսն են ներդնում:
- Իսկ ո՞վ է շատ ուտում:
- Բոլորը: Ես արդեն ասացի, որ բազայում լավ են պատրաստում: Մատերդ հետը կուտես:
- Քաշի հետ կապված խնդիրներ չե՞ն լինում:
- Ոչ, բոլորը պրոֆեսիոնալներ են, բոլորն էլ լավ են մարզվում: Մենք յուրաքանչուր երրորդ օրը խաղ ունենք: Ինչպե՞ս կարելի է ավելորդ կիլոգրամներ հավաքել:
- Բացի հայկական խոհանոցից ո՞ր խոհանոցն ես նախընտրում:
- Իտալականն ու չինականը:
- Ո՞րն է քո սիրելի ամանորյա ուտեստը:
- Նման ուտեստ չկա: Տնական ամեն բան էլ կլինի:
- Որտե՞ղ ես պատրաստվում տոնել:
- Երևանում, հարազատներիս հետ: Նոր տարին ընտանեկան տոն է:
- Տոնածառ կլինի՞:
- Անպայման: Հետո մինչև հունվարի յոթն իրար հյուր ենք գնում: Այպիսին է մեր ավանդույթը:
- Ո՞ր ֆուտբոլային մաղթանքը կուզենայիր:
- Շատ եմ ցանկանում, որ նոր տարին շատ հաղթանակներ բերի Հայաստանի հավաքականին, իսկ «Շախտյորն» առնվազն հասնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Մենք ունեք պոտենցիալ, այդ պատճառով ամեն ինչ հնարավոր է:
- Ազգային հավաքականը կարո՞ղ է դուրս գալ խմբից:
- Աշխարհի առաջնությունում հայտնվելու հնարավորություն դեռ կա, և մենք կփորձենք իրագործել բոլոր հայ երկրպագուների երազանքը: Հայաստանն այնքան էլ լավ չի սկսել ընտրական մրցաշարը, բայց մեր առավելությունն այն է, որ մենք ռիսկային ենք խաղում: Արդյունքի բեռը մեզ չի ճնշում, ոչ ոք մեզանից չի պահանջում եզրափակիչ փուլ դուրս գալ: Մեզ միշտ սովորեցրել են. դուրս եկեք դաշտ, ֆուտբոլ խաղացեք և ձգտեք հաղթանակի: Իսկ միավորները կհաշվենք հետո:
- Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելը խորհրդանշական կլիներ քեզ համար: Այնպես չէ՞:
- Նման ֆորումի մասնակցելը ցանկացած ֆուտբոլիստի նպատակն է: Մենք միայն ձգտում ենք դրան, այդ պատճառով չի կարելի ալսել, որ 2012 թվականն իմ բարձրակետն է: Ես դեռ շատ բաներ պետք է ապացուցեմ՝ ինչպես հավաքականի հետ, այնպես էլ «Շախտյորի»:
totalfootball.am