Սա Գերման Գրեֆի խոսքերն են։ Այս ելույթի համար ռուսական «Սբերբանկի» ղեկավարին մի քանի օր առաջ ահագին քլնգեցին ռուսական մամուլում, թե բա Ռուսաստանին վիրավորել է՝ անվանելով «հետ մնացող երկիր», ֆլան-ֆստան։
Գրեֆն այս ելույթում տեղ-տեղ իսկապես յուղ է վառում, բայց կոնկրետ Ռուսաստանի պահով ինչ ասել է, տեղին է ասել։ Կարող եք իր ելույթն ինքներդ լսել։
Իր լոլոները եթե ջրից ու տեղին-անտեղին օգտագործվող անգլերեն ծրագրավորողական ժարգոնից քամենք, ապա տակը մնում է հետևյալը.
Ա. Գրեֆը դժգոհ է, որ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերություններն այսօր օդից ավելի շատ փող են սարքում, քան բանկերը։ Ուղիղ դա չի ասում, բայց իր բառերից դա հետևում է։
Բ. [Կարևոր] Բանկիրն ասում է, որ Ռուսաստանը հետ է մնում համաշխարհային տնտեսության առաջնորդներից, որոնք իրենցով են անում աշխարհի ֆինանսական ռեսուրսները՝ տեխնոլոգիաները թափով զարգացնելու շնորհիվ, և այդ հեռավորությունն օրեցօր աճում է։ Նավթային գործոնն էլ գնալով թուլանալու է...
Գ. Ռուսաստանը չի հասցնում իր ինտելեկտուալ պոտենցիալը համապատասխանաբար զարգացնել + տուժում է երկրից ուղեղների արտահոսքից, ինչը Արևմուտքի առաջատարությունից բխող հետևանք է։
Դ. Ռուսաստանի միակ շանսը կրթական համակարգը ուշքի բերելն է։
Հետո սկսում է անկապ քլնգել սովետական կրթական համակարգը, թեպետ իմ կարծիքով խնդիրը ոչ թե Սովետից ժառանգած համակարգն է, այլ այն, որ այդ համակարգի մայրիկը լացացրել են։
Հիմա, մենք նավթ արտահանող երկիր չենք, ոչ էլ Ռուսաստանի ռեսուրսներն ունենք, բայց իր ասածը մեզ էլ է վերաբերում. մեր կրթական համակարգն էլ է վարի տված ու եթե այն արագորեն խելքի չբերենք, դառնալու ենք մի մեծ ПГТ — посёлок городского типа՝ քաղաքատիպ ավան։ Ոչ թե գյուղ, այլ հենց пгт՝ էն որ գործարանը փակվում է, բայց իրեն կից սարքած ավանը մնում է ու դրա բնակիչները չեն իմանում ինչ անել, սկսում են գաղթել։ Ո´չ բավականաչափ գիտելիք կունենանք բարձր տեխնոլոգիաներով երկիր պահելու, բայց հող վարելն էլ մոռացած կլինենք։