Lragir.am-ը գրում է․

Ծաղկաձորի հյուրանոցների ու սրճարանների աշխատակիցներն ասում են, որ այս տարի քաղաք ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է: Նրանք հստակ չեն նշում, թե հոսքը որքանով է նվազել, սակայն ասում են, որ պասիվությունն ակնհայտ է:
Դա նկատվում է նաև քաղաքի փողոցներով քայլելիս: Սպասարկման օբյեկտներից մեկի աշխատակցուհին մեզ հետ զրույցում ասաց, որ հաճախորդների թվի նվազում են նկատում, բայց դա կարող է նաև նրանով պայմանավորված լինել նրանով, որ քաղաքում սպասարակման օբյեկտների թիվը գնալով ավելանում է, ու զբոսաշրջիկները նախընտրում են ամեն անգամ նոր օբյեկտներից օգտվել:
Խանութներից մեկի աշխատակիցն էլ փոխանցեց, որ ձմռան ամիսներին սովորաբար ավելի մարդաշատ էր լինում Ծաղկաձորը, այս տարի կարծես այդպես չէ:
Ձմեռային տուրիզմի սիրահարները օրվա մեծ մասն անցկացնում են Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում, որտեղ նաև դահուկուղիներն են: Դահուկային սպորտաձևից այստեղ օգտվում են ինչպես տեղացիները, այնպես էլ արտերկից ժամանած զբոսաշրջիկները: Դահուկների վարձակալությամբ զբաղվողները նշում են, որ թանկ չէ իրենց ծառայությունը՝ մեկ օրվա համար դահուկ հնարավոր է վարձակալել 5000 դրամով: Զբողաշրջիկներն էլ սա թանկ չեն համարում:
Դահուկ վարձակալելու համար տարածքում հերթեր են գոյանում: Դահուկների վարձակալությամբ զբաղվողներից մեկն ասաց, որ ակնհայտ է՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է: Նա նկատել է հատկապես ռուս զբոսաշրջիկների թվի նվազում: «Դե ռուսական ռուբլու կուրսը ընկել է, երևի դա է պատճառը»,- ասաց նա:
Ի դեպ, Ծաղկաձորի դեղատների աշխատակիցներն ասում են, որ այստեղ գրիպի բռնկումներ չկան: Դեղատներից մեկի աշխատակցի խոսքով՝ քաղաքում խոզի գրիպի դեպքեր չեն գրանցվել, իսկ գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների բուժման համար դեղորայք գնողների թիվը կտրուկ չի մեծացել: «Մեզ մոտ Տամիֆյու դեղի մասին հարցնողներ չեն էլ եղել»,- ասաց դեղատան աշխատակիցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել