Ամփոփելով անցնող 2012-ը` որոշեցինք ներկայացնել ու հիշատակել համաշխարհային անուններ, ովքեր կյանքից հեռացան անցնող տարում` իրենց անջնջելի հետքը թողնելով ժամանակակիցների սրտերում, մեծագույն ավանդ ունենալով նաև եկող սերունդների համար: Որքան էլ որ դժվար է ընդունել ու համակերպվել նրանց բացակայության հետ, միևնույնն է մենք լիահույս ենք, որ գալիք 2013-ը կծնի նորագույն տաղանդների, ովքեր կգան լրացնելու այն դատարկությունը, որ մնաց մեր սիրելիներից հետո:
Եվ այսպես, առաջարկում ենք վերջին տխրությունն այս տարվա` հիշողության տեսքով, բայց նաև ներքին ուրախությամբ, որ ապրել ենք նրանց հետ նույն ժամանակ ու պատիվ ենք ունեցել լինել նրանց կյանքի ու գործունեության վկաները:
Ուիթնի Հյուսթոն
Բոլոր ժամանակների փոփ-դիվան կյանքից հեռացավ փետրվարի 11-ին 48 տարեկան հասակում: 411 մրցանակների դափնեկիրն ու միլիոնավոր մարդկանց կուռքը մահացավ լոգարանում` թմրադեղերի ու բժշկական հաբերի գերդոզավորումից:
Յաուք Ադամ
Ամերիկյան «Beastie Boys» խմբի հիմնադիր, երաժիշտ, ռեփեր, «սպիտակ ռեփ»-ի առաջամարտիկը մահացավ մայիսի 4-ին 47 տարեկանում` չկարողանալով հաղթահարել թքագեղձի չարորակ ուռուցքը:
Դոննա Սամմեր
63-ամյա «դիսկոյի թագուհի», «Գրեմմիի» վեցակի մրցանակակիր ամերիկյան փոփ-երգչուհին կյանքից հեռացավ մայիսի 17-ին թոքերի քաղցկեղից:
Ջոն Լորդ
Հուլիսի 16-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացավ 71-ամյա լեգենդար բրիտանական ռոք-երաժիշտ, «Deep Purple» և «Whitesnake» ռոք-խմբերի ստեղնաշարահարը:
Յուրի Գուրով
Նոր սերնդին շատ քիչ բան է ասում այս անուն-ազգանունը: Սակայն ավագ սերունդը հաստատ հիշում է սովետական «Ласковый май» խմբի բոլոր անդամներին: Այս մանկատան երեխաներից կազմված խումբը, որն առաջինը ԽՍՀՄ-ում հանդես եկավ եվրոդիսկո ոճում, դարձավ շատ ու շատ համերկրացիների կուռքը: Իսկ ահա այդ խմբի առաջին կազմի մենակատարներից երկու դուստրերի հայր, 41-ամյա Յուրին այս տարի օգոստոսի 25-ին դժբախտաբար զոհվեց ավտովթարի հետևանքով:
Գալինա Վիշնեվսկայա
Դեկտեմբերի 10-ին, 81-ամյա հասակում ծերունական մահով կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՌԴ կառավարության մրցանակակիր, օպերային երգչուհի, «Большой театр»-ի մեներգչուհի Գալինա Վիշնեվսկայան:
Ֆլորա Մարտիրոսյան
Նոյեմբերի 20-ին 55 տարեկան հասակում լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Նրա կորուստը մեծ ցնցում էր հայ ազգի, հայ մշակույթի ու հայ մշակույթը սիրող ու գնահատող յուրաքանչյուր մարդու համար:
ՀԳ. Նրանցից յուրաքանչյուրն իր աշխատանքով, տաղանդով ու մարդկային որակներով անմահացավ` իր անմար անունը ոսկե տառերով թողնելով պատմության հորձանուտում...
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2012/12/7-2012.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել