Ռուսական «Գազպրոմ» ընկերության և Վրաստանի էներգետիկայի նախարարության միջև ընթացող բանակցությունների թեման շարունակում է լարված պահել Վրաստանի ներքաղաքական դաշտը: Արդեն մի քանի ամիս ընթացող գործընթացը չի հանգում ավարտին՝ դառնալով այդ երկրի հասարակական-քաղաքական շրջանակների վրդովմունքի հիմնական պատճառներից մեկը: Թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկում կառավարության գործելաոճը, մասնավորապես՝ էներգետիկայի նախարար Կ.Կալաձեի գործունեությունը՝ մեղադրելով նրան նշված բանակցությունների բովանդակությունը հասարակությունից փակ պահելու մեջ: Վերջինիս մեկնաբանմամբ, սակայն, նախարարությունը գործում է թափանցիկ:
Վրացական՝ ընդդիմադիր հայացքներով հայտնի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Կալաձեն ներկայացրել է որոշ մանրամասներ, որոնց համաձայն, «Գազպրոմի» ղեկավարությունը վրացական կողմին խիստ պահանջ է ներկայացրել առ այն, որ Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող բնական գազի դիմաց ռուսական ընկերությունն այսուհետ վճարելու է ոչ թե գազատարով անցնող գազի ծավալի 10 տոկոսը՝ հումքի տեսքով, ինչպես առ այսօր է, այլ հաստատված վճարով: Այդ պայմանին, սակայն, Թբիլիսին չի համաձայնվել, ինչն էլ երկարացնում է բանակցությունների ընթացքը:
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ Կալաձեն նախկինում այլ մեկնաբանություններ էր տվել՝ պնդելով, որ իրենք փորձում են պայմանավորվել կոմերցիոն սպառման նպատակով ռուսական գազի հավելյալ ծավալներ ստանալու հարցի շուրջ:
Ռուսների առաջարկը չընդունելու դեպքում Գազպրոմը սպառնում է դադարեցնել Վրաստանի միջով գազամատակարարումը Հայաստանին և փոխարենն իրանական գազով լուծել այդ խնդիրը: Վերոնշյալից ենթադրվում է, որ Վրաստանը կկորցնի ոչ միայն տրանզիտային գումարներ, այլ նաև գազի այն ծավալը, որն այսօր ստանում է Ռուսաստանից, և ադրբեջանական գազով այդ պակասն առնվազն մի քանի տարի հնարավոր չի լինի լրացնել: Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի, ինչպես նաև ադրբեջանական նավթագազային «Սոկար» ընկերության ղեկավարության այն հայտարարություններին, ըստ որոնց՝ Ադրբեջանն ունակ է ամբողջությամբ ապահովել Վրաստանի գազի պահանջարկը, դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ սեզոնային գազամատակարարման պայմաններում, երբ առանձնապես ձմռան ամիսներին Վրաստանում ավելանում են գազի սպառման ծավալները, Վրաստանին Ադրբեջանից մատակարարվող խողովակի թողունակությունը չի բավականացնում, և խնդիրը կարող է լուծվել միայն խողովակաշարի փոխարինմամբ կամ Վրաստանի տարածքում գազի պահման հսկայական ռեզերվուարների կառուցման դեպքում, իսկ դրա համար կպահանջվեն միլիոնավոր դոլարի ներդրումներ:
Կալաձեի խոսքով՝ իրենց գերատեսչությունն անում է ամեն հնարավորը, որպեսզի էներգետիկ ոլորտում չլինի մենաշնորհ, հաստատվի հավասար մրցակցություն, ինչն իր հերթին թույլ կտա՝ սպառվող գազի գինը ոչ միայն չբարձրանա, այլ՝ հակառակը՝ նվազի:
Ի դեպ, ընդամենը երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է հերթական հանդիպումը՝ Կալաձեի և Գազպրոմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն, բայց կարելի է ենթադրել, որ, այդուհանդերձ, Թբիլիսին գնալու է զիջման, ինչի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կամ կնվազի տրանզիտային 10 տոկոսի չափը, կամ կհաստատվի կոնկրետ վճար: Երկրորդ տարբերակի դեպքում ռուսական գազը ձեռք բերելու համար վրացական կողմը պարտադրված է լինելու վճարել բնականաբար այն սակագինը, որը կսահմանի «Գազպրոմը»: