Գիտեք երեւի` ավանդույթ կա նոր տարուն պատուհանից դուրս շպրտել հնացած իրերը: Քանի որ էս նոր տարին նախընտրական նոր տարի ա, ես ուզում եմ քաղաքական իրերից խոսել: Ուզում եմ, որ էս նոր տարուն պատուհանից դուրս շպրտենք մեր հայրենիքի վրա կռավելու մեր սովորույթը: «Հայաստանը կործանվում ա», «Հայաստանը վերջացավ»` էս կռավոցները ինձ ահավոր հոգնացրել են: Եթե դուք որոշել եք դադարացնել քաղաքական ձեր ակտիվությունը` դադարացրեք, բայց դա չի նշանակում` Հայաստանը կործանվեց: Եթե դուք որոշել եք հեռանալ Հայաստանից` հեռացեք, բայց դա չի նշանակում` Հայաստանը վերջացավ: Դա ընդամենը նշանակում ա` դուք եք հեռանում քաղաքականությունից կամ Հայաստանից:
Ես ընդդիմադիր եմ, որովհետեւ ուզում եմ ավելի լավ Հայաստան, ու գիտեմ, որ էդ Հայաստանը հնարավոր ա: Բայց եթե ես ընդդիմադիր եմ, էդ չի նշանակում` պետք ա ուզեմ, որ Հայաստանում ամեն ինչ վատանա, անտանելի դառնա, որ իշխանությունը փոխվի: էդ չի նշանակում` պետք ա ասեմ՝ Հայաստանում ամեն ինչ վատ ա ու բոլորին համոզեմ, որ եթե իմ համակրած ուժը իշխանության չեկավ, ուրեմն վերջ, Հայաստանը վերջացավ:
Էդ ճիշտ ա, որ արտագաղթը աղետ ա: Բայց Հայաստանից կատարվող ներկա արտագաղթը էն օբյեկտիվ պատճառներից բացի, որոնք բոլորիս հայտնի են, ունի նաեւ սուբյեկտիվ` հոգեբանական պատճառներ: Մարդիկ հեռանում են, որովհետեւ իրանց ասեցին` էս մեր վերջին կռիվն ա, եթե պարտվեցինք` վերջ, ամեն ինչ գրողի ծոցն ա գնալու, էլ Հայաստան չի լինելու: Դե եթե Հայաստան չի լինելու` էլ ինչի մնան:
Ես, արդեն ասեցի, ահավոր հոգնել եմ էս ապոկալիպսյան մտածողությունից: Ես առաջարկում եմ` էդ մտածողությունը էս նոր տարվա գիշերը դուրս շպրտենք մեր պատուհաններից: Եթե 2008-ի շարժումը պարտվեց, էդ չի նշանակում` Հայաստանը վերջանում ա, էդ ընդամենը նշանակում ա` Շարժումը սխալներ արեց ու պարտվեց: Նպատակը չի իրագործվել` Հայաստանում համակարգային փոփոխություն չի կատարվել: Նպատակը մնում ա նույնը, մնացած ամեն ինչ` ռազմավարությունը, մարտավարությունը, առաջնորդող մարդը կամ մարդկանց խումբը, ենթակա ա փոփոխության:
Հայաստանը չի վերջացել ու երբեք չի վերջանա: Պարզապես` իմ ու ձեր հայրենիքը կարող ա լինել ավելի լավը, քան կա: Փոփոխությունները դրա համար են պետք: