
Ո՞րն է ավելի օգնում առավոտյան արթնանալուն՝ թե՞յը, թե՞ սուրճը։ Իսկ ո՞րն է ավելի վնասակար ատամների համար... BBC-ի գիտական խմբագրությունն ի մի է բերել գիտնականների հետազոտությունները սուրճի և թեյի վնասների ու օգուտների մասին ու կազմակերպել է յուրահատուկ մրցում աշխարհում ամենաշատ խմվող այս երկու ըմպելիքների միջև։ Եվ այսպես, եկեք պարզենք, թե որն է ավելի վնասակար մեր օրգանիզմի համար։
Որի՞ց են ավելի դեղնում ատամները
Սուրճն ու թեյը մեկ շարքում են կարմիր գինու և այլ ըմպելիքների հետ, որոնք ատամները դեղնացնում ու նույնիսկ շագանակագույն են դարձնում։ Սակայն ո՞րն է չարյաց փոքրագույնը։

Բրիստոլ քաղաքի ատամնաբույժների մի խումբ ուսումնասիրել է այս ըմպելիքների ազդեցությունն ատամի էմալի վրա և եկել այն եզրակացությանը, որ սուրճն ավելի խնայողաբար է վերաբերվում էմալին։ Թեյի ազդեցությունն էմալի վրա կարող է սաստկանալ, եթե հետո բերանը ողողում են քլորհեքսիդին պարունակող միացություններով, քանի որ դրանք ինտենսիվացնում են պիգմենտացիան։
Եզրակացություն. սուրճն ավելի քիչ է գունավորում ատամի էմալը։
Ո՞րն է ավելի լավ արթնացնում
Ընտրելով առավոտյան ըմպելիք՝ շատերն առաջին հերթին սևեռվում են դրանում կոֆեինի պարունակության վրա։ Ըստ էության, դա տրամաբանական է, որովհետև հենց կոֆեինն է օգնում արթնանալ ու մտնել աշխատանքային ռեժիմի մեջ։ Սուրճն այս առումով առաջատար է։ Համեմատության համար, 200 միլիգրամ սև թեյում առկա է 40 միլիգրամ կոֆեին, մինչդեռ նույն քանակությամբ սրճի մեջ առկա է արդեն 80-120 միլիգրամ կոֆեին։

Սակայն, ինչպես պարզել են գիտնականները, կոֆեինի պարունակությունն ամենակարևորը բանը չէ, եթե խոսքը գնում է արթնանալու մասին։ Բեդֆորդի գիտնականները պարզել են, որ մեծ դեր է խաղում ըմպելիքի համի ու բուրմունքի անհատական ընկալումը։ Հենց դրանից է կախված, թե այս երկու ըմպելիքները որքանով կնպաստեն արթնանալուն։ Ե՛վ թեյը, և՛ սուրճը կարող են նույն արդյունավետությամբ մարդուն կայտառություն հաղորդել առավոտյան, պնդում են գիտնականները, ընդ որում, թեյը շատ ավելի արդյունավետ է, եթե Ձեզ պետք է նաև բարձրացնել կենտրոնացվածության աստիճանն առավոտյան։
Եզրակացություն. ոչ ոքի։
Ո՞րն է ավելի խանգարում քունը
Սուրրեյի համալսարանի գիտնականները համեմատել են կամավորների վիճակները, ովքեր ամեն օր խմում էին նույն քանակությամբ թեյ և նույն քանակությամբ սուրճ։ Ու չնայած նրան, որ, ինչպես արդեն նշվեց, այս երկու ըմպելիքներն ըստ էության նույն ազդեցությունն ունեն արթնանալու վրա, դրանց ազդեցությունը գիշերային քնի վրա արդեն տարբեր է։

Նրանք, ովքեր նախապատվությունը տալիս են սուրճին, շատ ավելի վատ են քնում։ Պատճառը կայանում է նրանում, որ սուրճի մեջ կոֆեինի տոկոսային բաժինն ավելի բարձր է, ու օրվա վերջում այս գործոնն իր մասին հիշեցնել է տալիս։ Այլ կերպ ասած, օրվա ընթացքում կլանված կոֆեինը սուրճ խմելու դեպքում ավելի ուշ է դուրս գալիս օրգանիզմից՝ խանգարելով միանգամից քնել։
Եզրակացություն. թեյն ավելի օգտակար է քնի համար։
Ո՞րն է ավելի հանգստացնում նյարդերը
Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի գիտնականները մետա-վերլուծությամբ պպարզել են, որ թեյի ամենօրյա օգտագործումն ազդում է մարդու էմոցիոնալ վիճակի վրա։ Նրանք եզրակացրել են, որ օրական 3 բաժակ թեյ խմելը 37 տոկոսով նվազեցնում է դեպրեսիա ունենալու հավանականությունը։

Մեկ այլ հետազոտության արդյունքում, որի շրջանակներում ուսումնասիրել են շուրջ 300 հազար մարդու, մասնագետները պարզել են, որ յուրաքանչյուր բաժակ սուրճն 8 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի հավանականությունը։ Համեմատության համար, շատ այլ պոպուլյար ըմպելիքներ, այդ թվում նաև գազավորված զովացուցիչ ըմպելիքները, միայն ավելացնում են դեպրեսիա ունենալու հավանականությունը։ Հաշվի առնելով այն, որ խորհուրդ չի տրվում օրական 4 բաժակից ավել սուրճ խմել, կարելի է եզարակացնել, որ սուրճն ու թեյը գրեթե նույնչափ դրական ազդեցություն են ունենում, երբ խոսքը գնում է թուլանալու ու խնդիրներից շեղվելու մասին։
Եզրակացություն. և՛ թեյը, և՛ սուրճը հավասարապես օգտակար են նյարդերը հանգստացնելու հարցում։
Ո՞րն է ավելի լավ առողջության համար ընդհանուր առմամբ
Հիմնվելով մեկ այլ մետա-վերլուծության արդյունքների վրա, որին մասնակցել է ավելի քան 470 հազար մարդ՝ գիտնականները պարզել են, որ ինչպես թեյն, այնպես էլ սուրճը նվազեցնում են երկրորդ աստիճանի շաքարախտի հավանականությունը։ Միևնույն ժամանակ, մասնագետները չեն կարողացել ընդհանուր եզրահանգման գալ կոնկրետ տոկոսային ցուցանիշի առումով, ու արդյունքում հնչեցվում է 5-40 տոկոս ցուցանիշ։

Եզրակացություն. երկու խմիչքներն էլ դրական են ազդում առողջության վրա։
Ո՞ր ըմպելիքն է ավելի շատ ջրազրկում
Խոսակցություններն այն մասին, որ այս երկու ըմպելիքների կիրառությունը կարող է ջրազրկում առաջացնել, նոր չեն։ Եկեք պարզենք, թե որքանով են այս ասեկոսեները գիտականորեն փաստարկված։ 2014 թվականին անցկացված հետազոտության արդյունքում Բիրմինգեմի համալսարանի փորձագիտական խումբը դիտարկում էր կամավորների երկու խմբերի, որոնցից մեկում օրական 4 բաժակ սուրճ էին խմում, իսկ մյուսում՝ նույն քանակությամբ ջուր։

Գիտնականները ստուգում էին մասնակիցների կողմից արտազատվող մեզի քանակությունը, ինչպես նաև հետևում էին երիկամների ֆունկցիոնալությանը։ Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ոչ մի տարբերություն երկու խմբերի անդամների մեջ չկա։ Նույն արդյունքներն էլ գրանցվեցին, երբ սուրճը փոխարինեցին թեյով, իսկ սովորական ջուրը՝ տաք ջրով։
Եզրակացությունը. ո՛չ թեյը, ո՛չ սուրճը չեն նպաստում օրգանիզմի ջրազրկմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



