Araratnews.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ներկայացրեց իր դիտարկումները՝ կապված «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի ապամոնտաժման թույլտվության հետ.«Այդ թույլտվությունը տրված է առանց որևէ փաստաթղթի, առանց որևէ ճարտարապետական, շինարարական և համապատասխան այլ փաստաթղթերի, առանց դրանց, համաձայն ՀՀ օրենսդրության՝ ցանկացած շինարարական քանդման աշխատանք արգելված է: Հատկապես այդպիսի բարդ օբյեկտում, ինչպիսին «Զվարթնոց» օդանավակայանն է»:
Ըստ ճարտարապետի, չնայած քաղաքապետարանի կողմից բազմաթիվ հիմքեր են բերվում, որ որոշումն օրինական է, այն հակաօրինական է.«Դա ինձ համար նույնն է, որ Այվազովսկու բոլոր նկարները այրենք և ասենք, որ դա օրինական է: Հին օդանավակայանը կարևոր է ոչ միայն հայկական մշակույթի, այլ նաև համաշխարհային մշակույթի համար. այն համարվում է մոդեռնիզմի լավագույն օբյեկտներից մեկը: Այն երկար ժամանակ եղել է հայ ժողովրդի երաշխիքը՝ ազատ երթևեկելու և ազատ դուրս գալու Հայաստանից: Օդանավակայանը մեծ դեր խաղաց, երբ Հայաստանը շրջափակման մեջ էր, իսկ առայսօր մենք մասնակի շրջափակման մեջ ենք»:
Անահիտ Թարխանյանի կարծիքով, հին օդանավակայանը պետք է նաև պահպանել, որովհետև նոր օդանավակայանը լինելով մասնավոր բիզնես՝ կարող է ցանկացած ժամանակ փակվել.«Գոյություն ունեցող օդանավակայանը մասնավոր բիզնես է և այն գտնվում է հարաբերական, հարցական վիճակում, որովհետև վերջին տարիներին կրճատվել են թռիչքները դեպի միջազգային քաղաքներ: Բոլորը դադարեցրել են իրենց թռիչքները, բացատրելով, որ գնային քաղաքականությունն իրենց համար անընդունելի է: Այն մեծ վտանգ է ներկայացնում նաև ժողովրդի համար և կարող է ցանկացած ժամանակ փակվել, կարող է վերավաճառվել, և այդ ժամանակ Հայաստանը չի ունենա իր երաշխիքը, իր հնարավորությունը դուրս գալ շրջափակումից: Միակ տարբերակը մնում է հին օդանավակայանը, և ես պնդում եմ որ որևէ քանդում կամ փոփոխություն ընդունելի չէ»:
Ինչ վերաբերում է հին օդանավակայանի սեյսմիկ կայունությանը՝ ասուլիսի մյուս բանախոս «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը նշեց.«Մոտ մեկ տարի առաջ նմանատիպ մոտեցում եղավ սեփականատիրոջ կողմից, որ այնտեղ՝ էստակադայի վրա 2-3 վնասվածք էին նկատել, և հարց բարձրացվեց՝ քանդել էստակադան: Դրանք աննշան, ոչ կրող հանգույցներ էին վնասվել և փլվել, բնականաբար, մի քանի տարի չշահագործելու պատճառով: Երբ հարց բարձրացվեց քանդել էստակադան, քաղաքապետարանը հանձնաժողով ստեղծեց, որտեղ ՀՀ լավագույն մասնագետներն էին: Նրանք գնացին, տեղում ուսումնասիրեցին էստակադան և ասացին, որ այն մոտավորապես 80 տոկոսով շատ նորմալ վիճակում է, մոտ 20 տոկոս ունի վնասված մասեր , որը կարելի է վերանորոգել և կարելի է այն շահագործել»:
Ազիզյանի խոսքով՝ հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ պատահեց այս մեկ տարվա ընթացքում, որ էստակադայի սեյսմիկ վիճակը դարձավ անթույլատրելի և որոշվեց այն քանդել.«Ես այդ հարցականը թողնում եմ նրանց վրա, ովքեր որոշել են դա»: