էսօր աշխատանքի բերումով պիտի քաղաքի մի ծայրից մյուսը քայլերի, ու վերջում եկած թեթև ձյունը ստեղծեց հայեցողական տրամադրություն...
ժամանակին մի կոնֆերանսի ընթացքում զգացի, որ մշակույթը մի դաշտ է, որտեղ, չորս զույգ ձեռք ունենալով ու քսանութ ժամ աշխատելով, ոչինչ չես հասցնելու (կարծես օրվա ավարտը տեղին էր, ու արվածը՝ բավարար թե՛ հադիպումների, թե՛ պայմանավորվածությունների և թե՛ որոշ մշակումների իմաստով):
Բայց, անկախ քեզանից, ձյունն ու ամբողջը դրդեցին մտածել մի քիչ նաև բոլորի մասին (մի քիչ ուղղակի և առանց համեմատականների օրվա հետ):
Մեր երկրում կա երեք տեսակի հանրային ակտիվ:
-Առաջինը կիսաքաղաքականացված, ամեն ինչին դեմ, զարգացման ոչ մի հեռանկար չառաջարկող խումբն է: Ամեն տեղ կան, հուռա գոռալուց լավ են, բոլոր ընդդիմադիրներն իրենց հերոսներն են: Փրկեք և «Ազատություն» բառերն իրենցից կլսեք ամենաշատը և, միևնույն ժամանակ չունենալով սեփական համոզմունքներ, հեշտ փոխում են միտք, գաղափար, անգամ կարող են ստորակետ փոխել ու ասել՝ ես հիմա սա եմ:
-Երկրորդը սոցիալական է, ամեն մեկին օգնում են: էսօր գնում են սահմանամերձ, վաղը զբաղվում քաղ. ակտիվի գործերով, էն մյուս օրը չգիտես՝ ինչ բիզնես բացում, իսկ այնուհետ դնում ու կորում, որ կարոտես ու ասես՝ էս ո՞ւր ես:
-Երրորդը սովորաբար միջին տարիքի մարդիկ են, ովքեր տեսնում են բաց ծակ ու ճյուղ ու փակում:
Երեքն էլ սխալ են, քանի որ եթե առաջինը չունի համոզմունք, երկրորդը՝ դիրք, երրորդը՝ ժամանակ, ապա ամեն մեկի արածը սխալ է ու նման է թաղի հարսանիքին շախով պարելուն կամ թաղի անտեր մեռելին թաղելուն (մենք այս տեսակն ունենք մեր մեջ): Եվ էդ ամենն անելուց հետո սկսվում է վտանգը, այսինքն՝ բնականոն զարգացումները, որոնք մենք գիտենք (ով ինչ արեց, ինչ տվեցին, ում, երբ, ինչքան):
Հետխորհրդային տարիների բավականին փակ հասարակությունից դեպի ազատ հասարակություն ճանապարին բնական է, որ հասարակությունը պիտի ձգտեր լինել ամբոխավար, և ինչ մենք ենք (ես չեմ մեղադրում որևէ մեկ խմբի, քանի որ համարում եմ այս ամենը բնականոն զարգացում ու հասկանում եմ, որ ինչ-որ էտապներ անցնելուց հետո նոր կկարողանանք վայելել ճանապարհի պտուղներն ու քաղել դասերը, հիմա դա անհնարին է):
-Չորրորդ խմբի մասին ասել պետք չէ. դա անհատն է, և անհատի կայացման ինստիտուտների բացակայության մասին բազմիցս ասել եմ: Սովորաբար անհատի կայացման բոլոր հնարավոր տեսադաշտերը կորսվում են, երբ հանրությունը դառնում է ամբոխավարական: Եվ թերևս այս իմաստով անհատի ձգտումները մեր հասարակության մեջ ուղղված են հասարակական խնդիրների ու պահանջների լուծմանն ու հնարավորիս փակմանը:
Ընդունված է ասել, որ լավ է՝ ամեն մարդ զբաղվի իր գործով, որը համարում եմ ինչ-որ տեղ անհեթեթ, քանի որ եթե ամեն մեկը ժամանակին զբաղվեր իր գործով, հաստատ էս երեք խմբերից ոչ մեկի կարիքը չէր զգացվի: Ուրեմն կար բաց նիշա...
Ամբոխավարություն, որը շատ հեշտ վերափոխվում է պոպուլիզմի ու փրկարարների մի հասարակության: Բոլորս բոլորիս փրկում ենք ու չգիտես ումից, բայց խնդիրների պակաս չունենք:
Թվում էր, թե մտքերս կավարտվեն ինչ-որ պայծառ ձևակերպմամբ, բայց նախքան որևէ կարիքի գնահատումը կարիք կա ուղղակի ասելու մտահոգության մասին:
Լավ կլիներ, որ բնապահպանը ծառը կտրելու արգելանքից դուրս գար ու ասեր, թե ինչպես են բուժում հիվանդ ծառը: