Ներդրումային քաղաքականությունը խթանելու գործոններից մեկը հարկային բարեփոխումներն են: Վերջին տարիներին Հայաստանում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնց թիրախում է եղել տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց համար հարկային դաշտի դյուրացումն ու արդիականացումը:

Այս տարի այդ ծրագրերը ևս ունենալու են շարունակական բնույթ: Նախատեսվում է հնարավորինս պարզեցնել հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման
գործընթացը:

Այդ նպատակով առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ, որի դեպքում կկարգավորվեն մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, սպասվում է, որ մեկ գանձապետական հաշիվը կբացառի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը: Բացի դրանից, սխալ վճարումների հետևանքով տույժեր այլևս չեն լինի, և չի լինի նաև մեկ հարկատեսակից մեկ այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու անհրաժեշտությունը, որը բավականին ժամանակատար էր:

Կհստակեցվի հարկ վճարողի պարտավորությունների մարման մեխանիզմը: Ինչ վերաբերում է եկամտային հարկի և արտոնագրային վճարների գծով ամսական վճարումներին, ապա բարեփոխման արդյունքում դրանք կդառնան տարեկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել