Կ.Վ. Յուխնևիչի «Сталин после Сталина: концепт Сталина в рабочей практике президиума ЦК КПСС 1954-1964» -ի հրապարակման մեջ հանգամանորեն ներկայացված են ԽՍՀՄ ՛՛Մեծ Հոր՛՛ դարաշրջանն՝ իր առանձնահատկություններով, Ստալինի հասարակական-քաղաքական հարաճուն նշանակությամբ՝ ինչպես նրա իշխանության օրոք, այնպես էլ՝ մահվանից որոշ ժամանակ անց: Ստալինի իրավահաջորդները հետո էին հրաժարվելու նրանից, բայց՝ ոչ իշխանավարման նրբություններից և սկզբունքներից: Հասարակությունը հետո էր տարակուսելու Խրուշչովի շրջադարձային զեկույցից, երբ նոր առաջնորդը քաղաքական նոր լեզվով մերժելու էր իր վաղեմի կուռքին, նրա հանդեպ համաժողովրդական սերը որակելով՝ որպես անհատի պաշտամունք, իսկ Ստալինին մեղադրելով անարդարությունների ու հանցավոր գործողությունների մեջ…...Սակայն, ակնհայտ էր, որ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության այդ քայլերը թելադրված էին նույն հանրության ողջամիտ ու խորաթափանց շերտերում տեղի ունեցող գործընթացներով: Մարդկանց մոտ հարցադրումներ էին կուտակել, որոնք թոթափելու համար, համամիութենական կառավարիչները պետք է քայլեր ձեռնարկեին, մեղավորների անուններ հնչեցնեին, իսկ Ստալինն, ինչ խոսք, ամենևին էլ վատ տարբերակ չէր՝ քավության նոխազ հչռակվելու առումով: Ավելին, դա հենց ամենատրամաբանական վարկածն էր, հատկապես, որ առաջնորդն այլևս ֆիզիկապես գոյություն չուներ…
Այժմ, ինչպես ասում են, դառնանք մեր ցավին: Նորանկախ Հայաստանի իշխանավարման մշակույթի նախընթաց պատմության մասին խոսելիս՝ պետք է տարանջատել երկու բան՝ ԼՏՊ-ի՝ իբրև Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր նախագահի և նրան հաջորդած երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջափուլերը: Վերջին երկուսը, ինչ խոսք, քաղաքական բոլորովին նոր իրավիճակում են նախագահել (նախագահում), երբ արցախյան պատերազմն ավարտված է և երկիրը, թեև սառած հակամարտության պայմաններում, նոր մարտահրավերներ ունի՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում: Փաստ է, որ տերպետրոսյանական նախագահաշրջանը հատկանշվում է կառավարման ազատականությամբ, ղեկավարման ավելի շուտ ժողովրդավարական, քան՝ խորհրդային մեթոդաբանությամբ: Իսկ իշխանավարման այդ մոդելը կիրառելի չէր ոչ Քոչարյանի, ոչ էլ՝ գործող նախագահի պաշտոնավարման շրջանում: Ավելին, խորհրդային միության քաղաքական դպրոցի ՛՛մկրտությունը՛՛ ստացած ՀՀ երկրորդ և ներկայիս նախագահները միմյանց հետ փոխհարաբերություններում էլ երբեմն չեն քողարկում փոխադարձ քննադատության դրսևորումները, անձնական ու քաղաքական-թիմային վերապահումները, այդպիսով հարություն տալով այսպես կոչված ստալինյան կոնցեպտին՝ իբրև քաղաքական շահարկումների ու իշխանավարման երկարակեցության ուղեցույց-երաշխիք:
Ըստ էության քաղաքական մեծ հակասություն չկա Հայաստանի երեք նախագահների միջև, և մեծ հաշվով գործում են իշխանավարման ԽՍՀՄ ավանդույթները, այն է՝ ժողովրդավարության իսպառ բացակայությունը: Որոշակի տարաձայնություններ, եթե կան էլ, առկա են և սրվում են քաղաքական կոնկրետ իրավիճակում՝ ՀՀ առաջին /նրան մերձ շրջանակները սիրում են գործածել ՛՛հիմնադիր նախագահ՛՛ բառակապակցությունը/, երկրորդ և երրորդ/գործող նախագահների՝ այն էլ՝ նրանց կուսթիմերի, առավել ակներև՝ անհատական գործիչների ու համախոհների մակարդակում: Երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական թիմերի հանրային առճակատումները նրանց երկուստեք համակշռման և քաղաքականապես գոյելու հնարավորություն են պահպանում:
Լ.Տեր-Պետրոսյանն ու Ռ.Քոչարյանն ըստ էության երկու առանձնահատուկ ընդհանրություն ունեն, նախ, որ նրանք՝ երկուսն էլ արդեն նախկին նախագահներ են և երկրորդ, քաղաքականության ամենակուլ գործընթացներում և ամենազոր ժամանակի մեջ մոռացության չմատնվելու համար հարկադրված են ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց մասին: Իսկ ժողովրդի հիշողությունը շահելու համար ամենից հուսալի և սպեկուլատիվ հնարքը քննադատությունն է, իսկ երկրի առաջին դեմքի կամ նրա իշխանության նկատմամբ հակադիր խոսքը՝ միանգամից բորբոքում է համաժողովրդական զգացումները, հատկապես, որ Հայաստանի վիճակը թույլ է տալիս ամենատարբեր քննադատությունը հնչեցնել:
Իրականում երեք նախագահների կառավարման մշակույթում գնալով խորացել է Մարդու՝ ՀՀ քաղաքացու հիմնարար արժևորման ճգնաժամը, որովհետև երկրի բնակիչը դիտվել է իբրև ընտրող, իսկ լավագույն դեպքում՝ համախոհ կուսակից, մնացյալ դեպքերում քաղաքացիների խնդիրները վերացարկվել են այս տրամաբանությունից և ղեկավարման փիլիսոփայությունից: Եվ այդպես է լինելու նաև փոփոխված սահմանադրության ու այլ ղեկավարի օրոք, քանի դեռ երկրի իրական իշխանությունը ժողովրդին չի պատկանում…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10208110747507617?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



