PanARMENIAN.Net-ը գրում է.
Ինդոնեզիայի ոստիկանությունը Ջակարտայի ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով 12 մարդ է ձերբակալել: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի ոստիկանապետ Բադրոդին Հաիթին:
Հունվարի 16-ին Ինդոնեզիայի իշխանություններն առնվազն 11 ծայրահեղական ուղղվածության կայքէջ են արգելափակել և մի քանի աքաունթներ սոցցանցերում:
«Ոստիկանությունը 12 մարդ է ձերբակալել Ջակարտայում պայթյուններին առնչության կասկածանքով` Արևմտյան և Կենտրոնան Ճավա, Արևելյան Կալիմանտան գավառներից»,-մեջբերում է Հաիթիին Reuters գործակալությունը:
Ձերբակալվածների թվում է նաև մի տղամարդ, որին կասկածում են ահաբեկչական գործողությունները «Իսլամական պետության» հիմնադրամներից ֆինանսավորելու մեջ: «Ձերբակալվածներից մեկը դրամական փոխանցումներ է ստացել ԻՊ-ից գործողության ֆինանսավորման նպատակով»,-ասել է Հաիթին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ջակարտայում ահաբեկչությունների համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»:
Հունվարի 14-ին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ւնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում: Պայթյուններից մեկը որոտացել է այն շրջանում, որտեղ գտնվում են բարձրակարգ հյուրանոնցներ և դեսպանատներ: Վերջին տվյալներով 17 մարդ է զոհվել, որոնցից 5-ը հարձակվողների թվից են: Ըստ ոստիկանության, 6 պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը առևտրի կենտրոնի դիմաց, մյուսը` Starbucks ցանցի սրճարաններից մեկի հարևանությամբ: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պայթյունները որակել է ահաբեկչություն:
Ահաբեկիչները գործել են Փարիզում 2015-ի նոյեմբերին իրականացված ահաբեկչությունների սցենարով: Ըստ գեներալ Շարլիյանի, Ինդոնեզիայի ոստիկանությունը նոյեմբերի վերջում սպառնալիք էր ստացել ԻՊ-ից հարձակման մասին, ջիհադականները հայտարարել էին, թե Ինդոնեզիայում «համերգ է լինելու»: