«Անահիտ»՝ հայկական անիմացիոն մուլտֆիլմ, որն էկրան է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին։ «Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի կողմից։ Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցը և Լյուլյա Սահակյանցը: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Ֆիլմը նվիրված էր Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին։
Մուլտֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը։ Բեմադրող նկարիչն է Էռնեստ Մուրադյանը: Պրոդյուսերական աշխատանքներն իրականացրել է «Շարմ հոլդինգը»: Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան:
Պատմություն երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջնակ Անահիտի և արքայազն Վաչագանի մասին։ Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում։ Վաչագանը հանուն սիրած աղջկա դառնում է գորգագործ և պարտության մատնում թագավորության չար ուժերին։ Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, ով թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի ու նաև սիրել։
Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմը դիտումների քանակով ռեկորդ սահմանեց հայկական մուլտարտադրության ոլորտում. այն կինոթատրոններում դիտեց 80.000-ից ավելի մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



