Հայտնի է դարձել, որ մեղադրանք է առաջադրվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վայրագ սպասնության մեջ մեղադրվող կուրսանտ Գնել Թևոսյանի հոր՝ Ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ գնդապետ Զարմիկ Մարկոսյանի նկատմամբ։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա զբաղվել է որդու անիրավությունների հովանավորչությամբ ու, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, հաճախ հրամայել է ենթակա սպաներին մի քանի ժամով ազատել որդուն ծառայողական պարտականություններից, ինչպես նաև թույլ տալ առանց անցագրի լքել ինստիտուտի տարածքը։ Այլ կերպ ասած՝ որդու համար սանատորիայի պայմաններ է ստեղծել ու անպատժելիության մթնոլորտ, երբ նրա անմիջական վերադասներն ու ավելի բարձրաստիճան պետերն աչք են փակել նրա բոլոր արարքների վրա՝ վախենալով այս լածիրակի գնդապետ հորից։
Այս պարագայում միանգամայն տեղին է ասել, որ եթե որդիները պատասխանատու չեն հայրերի գործերի համար, ապա հայրերը պատասխանատու են որդիների գործածների համար, իսկ այս կոնկրետ դեպքում կարելի է խոսել կրկնակի պատասխանատվության մասին, քանի որ գնդապետը ոչ միայն տականքի է դաստիարակել, ու նրան կարելի է մեղադրել վատ հայր լինելու մեջ, այլև արել է ամենը, որ իր լամուկը համարի, որ իրեն ամեն ինչ կարելի է, և իր ցանկացած արարք հայրիկը կարող է այնպես ջրել, որ նա ջրից դուրս գա։

Իհարկե, զուտ իրավական տեսանկյունից գրեթե անհնար է գնդապետ Զարմիկ Մարկոսյանին ներգրավել որպես հանցակից ու պատասխանատու բուն սպանության դրվագով, բայց բարոյական տեսանկյունից նույնիսկ դժվար է ասել, թե ով է այս պատմության մեջ ամենամեծ մեղավորն ու պատասխանատուն՝ փչացած ու տականք դարձած որդի՞ն, ում համար մարդու կյանքը գրոշի արժեք էլ չունի, թե՞ նրա հայրը, ով արել է ամեն հնարավորը, որպեսզի իր որդին դառնա այդպիսի տմարդի սրիկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել