«Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կընթանա»,- հաճախ, իսկ դեկտեմբերի կեսից հետո ամեն օր կարելի է լսել հեռուստացույցից և զանգվածային այլ լրատվամիջոցներից: Չեմ կարող ասել՝ ո՛վ է այս խոսքերի հեղինակը, կամ ի՛նչ է նա ուզեցել դրանցով ասել, բայց այսօր տպավորությունս այնպիսին է, որ ասացվածքի «արարիչը» լավագույն դեպքում չափազանց անլուրջ է մտածել՝ առանց ավել-պակաս ծանր ու թեթև անելու, կամ (վատագույն դեպքում) ուղղակիորեն նպատակ է ունեցել անիծել Նոր տարին նշողներին: Համենայն դեպս անհայտ հեղինակի սնահավատական ասացվածքից, թե մեկ այլ սկզբունքից դրդված՝ այսօր Ամանորը նշելը շատուշատ հայրենակիցների համար վերածվել է իսկական փորձության ու փորձանքի:
Իրականում ասացվածքը լոկ իմաստ արտահայտող բառերի խումբ է և մեղք անգամ չունի, որ այսօր ինքը կարող է դատապարտողի դերում հանդես գալ, իսկ սա ամենևին էլ միայն այսօրվա խնդիր չէ, այլ իր ետևում ունի երկարամյա փորձառություն:
Ճի՛շտ հասկացեք, ամենևին նպատակ ու հեռանկար չունեմ փոքրիկների և հաճախ էլ մեծերի կողմից այդքա՜ն սիրված գունագեղ տոնի խորհուրդն ու արժեքը նսեմացնել. մի տոն, որն ունի ոչ միայն համազգային, այլև համաշխարհային ընդգրկում և իր բուն բովանդակությամբ նպատակամղված է դեպի ժպիտը, ուրախությունը և բերկրանքը, մերժելի կարող է լինել միայն սառնասիրտ մարդու կողմից:
Չարիքի է վերածվել ոչ թե տոնը, այլ՝ այն նշելու ձևը. միայն եթե ուշադիր զննենք լայն զանգվածների կողմից Ամանորի անցկացման եղանակն ու տրամադրվածությունը դրա հանդեպ, կհայտնաբերենք (և ասենք այդքան էլ հայտնաբերելու բան չկա. ամեն ինչ պարզից էլ պարզ է), որ Հայաստանում գոնե Նոր տարին մարդիկ նշում են միօրինակ ու միատեսակ առանց ավելորդ խանդավառության. սա ամենավառ ապացույցն է այն բանի, որ շատերն ուղղակիորեն չեն էլ փորձում ջանք թափել տոնը յուրահատուկ ու սրտամոտ դարձնելու, այլ փորձում են անել այն, ինչով չեն տարբերվի և հետ չեն մնա մյուսներից: Հաճախ էլ հայտարարում ենք, որ հոգնել ենք Նոր տարին նշելուց, սակայն խոստովանում ենք, որ դրանից չես փախչի. «Մարդիկ ի՞նչ կմտածեն»: Եվ նորից ծախս, պատրաստություններ, լարվածություն ու այլևս ժամանակ ու ցանկություն էլ չի մնում ուրախության համար: Իսկ այս ամենն էլ ինչպիսի՜ գնով՝ պարտքերով, վարկերով կամ եղած վերջին լուման մսխելով՝ ստիպված հաշվի նստել այն իրականության հետ, որ պարտքով դիմավորած նոր տարում անհրաժեշտ է դարձյալ աշխատել պարտքերը մարելու համար, մինչև նորից կգա Նոր տարին… և այդպես շարունակ: Փաստորեն մարդն ինքը գերի է իր իսկ ստեղծածի ձեռքում: Դե իհարկե, անեծքն իրականացավ. ինչպես տարին դիմավորեցիր, այնպես էլ անցավ:
Առավել զարմանահրաշ են մի քանի օրվա համար պատրաստված տասնյակ ուտեստները և հատկապես «խոզագրիպի» այս տարում ամանորյա վարակը «խոզաբդով» (ներեցեք արտահայտությանս համար). կերուխումներ ու դիոնիսյան գինարբուքներ ստամոքսի խանգարման, թունավորման ու սրտխառնուքի, ինչպես նաև գլխացավի վերջաբանով. իսկական գլխացավանք ազգի համար: Ահա այսպես ենք մենք՝ հայերս դիմավորում նոր տարին: Եվ եթե ասացվածքի համաձայն տարին կընթանա ինչպես դիմավորես, ապա տխրահռչակ էր մեր անցյալը և նույնպիսին՝ ապագան: Ցավալի է…
Շատ ավելի ցավալի է այն, որ շատերս, քրիստոնյա լինելով, կխոստովանենք, որ հոգեմարմնավոր մարդու մեջ հոգին և հոգևորը շատ ավելի կարևոր են, քան մարմնականն ու ֆիզիկականը, սակայն Ամանորի օրերին, փաստորեն, մարմնականն է շրջում՝ դափնեպսակը գլխին. ամանորյա սեղանների շուրջ ծավալվող որկրամոլությունն ու դիոնիսյան գինարբուքները ճիշտ և ճիշտ համընկնում են մի ժամանակի, երբ ընթացքի մեջ է Քրիստոս Աստծո հրաշափառ Սուրբ Ծննդյան տոնին նախորդող պահքը՝ մի շրջան, որը կոչված է լինելու զգաստության, մաքրության և զսպվածության շրջան՝ սուրբ տոնը ամենայն սրբությամբ դիմավորելու համար:
Իսկ եթե մարդիկ հակված են տոնը դիմավորել այնպես, ինչպես որ կուզեին տարին ընթանար, ապա գուցե հարկ է հիշեցնել, որ հենց տարեմուտի գիշերը, երբ զրնգում են շամպայնի բաժակները, Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում ղողանջում են զանգերը. եկեղեցիները բաց են այդ գիշեր, և հոգևորականությունը աղոթում է Աստծուն հանուն տիեզերքի խաղաղության, սիրո հաղթանակի և մարդկային երջանկության՝ համաձայն Ամենասուրբ Երրորդության կամքի: Գուցե քրիստոնյայի համար շատ ավելի տեղի՞ն է Ամանորը դիմավորել Աստծո տանը աղոթքով… Մտածե՛նք…
Ինչևէ, Քրիստոս Փրկիչն ասում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6:21), ուստի եկե՛ք նոր տարի մուտք գործելուց առաջ հարց տանք ինքներս մեզ.
«Իսկ որտե՞ղ են մե՛ր «գանձերը», ո՞րն է իրականում առավել թանկը և ցանկալին մեզ համար…»:
Շնորհավո՛ր Ամանորդ, սիրելի՛ ընթերցող, և թող Աստծո սրբարար շնորհը նվեր լինի քեզ այս տարում…