Lragir.am-ը գրում է.
Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Չարլզ Կապչանին:
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների ու դրանց հեռանկարների, տարածաշրջանում իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի վերաբերյալ, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Օբաման էմիսարին ուղարկել է այն բանից հետո, երբ Ալիեւին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության վեհաժողովին: Սակայն իրավիճակն այնքան դինամիկ է զարգանում, որ մինչեւ միջուկային վեհաժողովն Ադրբեջանում կարող է տեղի ունենալ ամեն ինչ:
Ադրբեջանի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, ներքին զորքեր են մտցվում, որոնք «հավաքում են» ընդդիմադիրներին: Ընդ որում, երկրում չեն աշխատում բանկոմատները, արտարժույթ չի վաճառվում, իսկ մարդիկ սկսել են սննդամթերք կուտակել:
Փորձագետներն ասում են, որ Ալիեւին լիակատար ֆիասկոյից միայն ԱՄՆ-ն կարող է փրկել, եւ «առեւտուրն», ըստ երեւույթին, սկսվել է: Այդ առումով հետաքրքիր է, թե Կապչանն ինչ պահանջներ է բերել Օբամայից եւ որքանով են դրանք կապված ղարաբաղյան կարգավորման հետ:
Հունվարին Իրանի դեմ պատժամիջոցները կարող են հանվել, իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում հզոր խաղացող կհայտնվի, որն ԱՄՆ-ի հետ դաշնակցելով կարող է ամբողջությամբ փոխել ուժերի դասավորությունը Հարավային Կովկասում: Իրանին ելք է պետք դեպի Եվրոպա, իսկ ամենաօպտիմալ ճանապարհն անցնում է Հարավային Կովկասով:
ԱՄՆ-ի «փոխզիջումն» Ադրբեջանի հետ կարող է հարցերի մի ամբողջ համալիր ընդգրկել, այդ թվում ղարաբաղյան հակամարտության սառեցումն ու հաղորդակցությունների բացումը, որոնք թույլ կտան Եվրոպան կապել Պարսից ծոցին: Դրա ամենակարճ ճանապարհն անցնում է Նախիջեւանով, եւ չի բացառվում, որ ամերիկա-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է հայ-ադրբեջանական հաղորդակցությունների բացման խնդիրը:
Մանրամասն տեղեկատվություն չկա, թե Ադրբեջանում Կապչանի հանդիպումների ժամանակ ինչ է քննարկվել, սակայն եթե նա Հայաստան գա, կարող է նշանակել, որ ԱՄՆ-ը փորձում է պայմանավորվել Բաքվի հետ, իսկ Երեւանի հետ արդեն ընդհանուր լեզու է գտել: Կամ էլ արդեն հարկ չեն համարում հարցնել Երեւանին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել