Lragir.am-ը գրում է.
26 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-ին, Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը: Հայերի ջարդերն իրականանցում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատը երկրի իշխանությունների հովանավորությամբ և ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների թողտվությամբ: Դա է վկայում այն, որ Մոսկվան Բաքվում արտակարգ դրություն մտցրեց միայն ջարդերից 6 օր անց:
1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում մեծ հանրահավաք է տեղի ունեցել, որից հետո ջարդարարների խմբերը, նախապես ունենալով հայերի հասցեները, ներխուժել են նրանց բնակարանները և սկսել կողոպտել, բռնաբարել, սպանել մարդկանց:
Human Rigths Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ Բաքվի դեպքերն Ադրբեջանում երկրորդ հակահայկական ջարդերն էին Սումգայիթից հետո: Ջարդերը խլեցին 48 մարդու կյանք: Կենտրոնական իշխանությունները, այդ թվում տեղական ոստիկանությունը և ԽՍՀՄ 12 հազարանոց ներքին զորքը ոչինչ չէին անում բռնությանը վերջն դնելու համար:
Հունվարի 15-ին Ադրբեջանի մի շարք վայրերում արտակարգ դրություն մտցվեց, սակայն զարմանալիորեն ոչ Բաքվում: 1990 թ. հունվարի 19-ին խորհրդային զորքը գրոհեց Բաքուն, որպեսզի պաշտպանի Ադրբեջանի կոմունիստական կուսակցության իշխանությունն ընդդեմ Ադրբեջանի ժողովրդական ճակատի:
Մինչ Կրեմլը պնդում էր, որ ռազմական միջամտության նպատակը հայ բնակչությանը պաշտպանելն է, փաստերն այլ բան են վկայում: Օրինակ, HRW-ն ուսումնասիրել է Բաքվի զինդատախազության փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, որ ներքին զորքերի գործողությունը ծրագրվում էր դեռ հունվարի 13-ից առաջ, երբ ջարդերը դեռ չէին սկսվել:
Հունվարի 13-19-ի իրադարձություններից հետո Բաքուն, որտեղ մոտ 250 հազար հայ էր բնակվում, ամբողջությամբ հայաթափվեց:
Փաստացի, Բաքվում ռուսական բանակը եւ ադրբեջանական խաժամուժը կատարեցին այն, ինչը հետագայում կրկնվեց Արցախում՝ Կոլցո գործողությամբ, երբ ռուսական զորքը եւ ադրբեջանական օմօնը ոչնչացրեցին հայաբնակ տասնյակ բնակավայրեր, տեղահանեցին տասնյակ հազարավոր հայերի, որն ուղեկցվում էր հայերի հանդեպ գազանություններով:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/right/view/126146
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել