
Ալյոշա Աբրահամյան. Երևանի «Արարատի» ամենաճանաչված անձնավորություններից մեկը, ով 12 տարի ամուր պատնեշի նման պաշտպանել է թիմի դարպասը: 300-ից ավել հանդիպումներում «Արարատի» վերջին հույսն է եղել Ալյոշա Աբրահամյանը: Իր մեծ ներդրումն ունի «Արարատի» փառահեղ հաջողությունների գործում: Այս դարպասապահի ամուր բազկի շնորհիվ բազում բարձրակարգ հարձակվողների հարվածներ են հետ մղվել, անհույս թվացող իրավիճակներում իր բարձր հասակով մեկ փակել է դեպի դարպասը տանող ճանապարհը: Ընդհանուր առմամբ Ալյոշա Աբրահամյանը ֆուտբոլին նվիրել է 19 տարի: Ընդհամենը 18 տարեկանում անձնուրացաբար պաշտպանելով Գյումրու «Շիրակի» դարպասը՝ հաջորդ տարի իսկ հրավիրվեց «Արարատ», որտեղ փայլեց էլ ավելի նվիրվածությամբ և դարձավ «Արարատ» ֆա-ի «կեսը»: ԽՍՀՄ-ի տարբեր թիմերի բարձրակարգ հարձակվողներ գիտակցում էին, որ դարպասում կանգնած է հոյակապ ճարպկությամբ օժտված մի դարպասապահ և նրանից այն կողմ գնդակն ուղարկելն անչափ դժվար է լինելու: Ալյոշա Աբրահամյանը մինչև 1979 թվականը բազում դժվարություններ է ստեղծել հարձակվողների համար, իսկ դարպասապահի կարիերայի ավարտից հետո իր ամբողջ փորձն ու գիտելիքները ներ է դրել մարզչական աշխատանքի՝ պատրաստելով որակյալ դարպասապահներ: 2009 թվականից էլ սկսած մինչ հիմա նա իր սիրելի «Արարատի» դարպասապահների մարզիչն է: