Ադրբեջանական զինված ուժերի կայացման բոլոր փուլերում էլ դրանց վրա հսկայական ազդեցություն է ունեցել Թուրքիայի բանակը, սակայն այդ ազդեցությունն այնքան է խորացել տարիների ընթացքում, որ այսօր ժամանակն է արձանագրելու մի տարօրինակ իրողություն. չկա անկախ Ադրբեջանի անկախ բանակ՝ որպես էդպիսին, այլ կա հիմնականում ադրբեջանցիներից բաղկացած ու Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող զորամիավորում, որը փաստացի հանդիսնում է թուրքական ԶՈւ մաս։
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ոչ մի խոշոր գործողություն չի անցկացնում, մինչև այն չհամաձայնեցվի Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հետ, իսկ թուրք մի շարք զինվորականներ բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանի ԶՈւ համակարգում։
Այս կախվածությունը հատկապես սուր է երևում հատուկ նշանակության զորքերում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված բանակային կորպուսում։ Ասյ երկու զորատեսակներում խոսքը ոչ միայն կոորդինացիայի ու նյութատեխնիկական և ուսումնամեթոդական կախվածության մասին է, այլ գործ ունենք երևույթի հետ, երբ դե յուրե անկախ պետության զորամիավորումները հաշվետու են երկրորդ պետությանը և կատարում են երկրորդ պետության ԶՈւ ներկայացուցիչների հրամաններ։
Սա բացարձակապես նոր պատկեր է ստեղծում ապագայում հնարավոր ռազմական առճակատման հարցում, որովհետև եթե Ադրբեջանին չի կարելի համարել անհաղթահարելի պատնեշ մեզ համար, ապա ֆորմալ ադրբեջանական, բայց գործանականում միանգամայն թուրքական բանակն արդեն շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում մեզ համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=174931022867000&id=100010503090855&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել