Google-ը և Motorola-ն որոշել են լրջորեն զբաղվել նոր ֆլագմենի ստեղծմամբ, որի հիմնական նպատակը Apple-ի սարքերի հետ մրցակցելն է և Motorola-ի դիրքերի ամրապնդումը սմարթֆոնների շուկայում: Համաձայն լուրերի՝ նորույթը վաճառքում կհայտնվի արդեն հաջորդ տարվա ընթացքում:
Իր հիմական խնդիրը Google-ը համարում է Motorola-ի երբեմնի դիրքերի վերականգնումը: Նպատակին հասնելու համար Google-ը պլանավորում է կրճատել թողարկվող սմարթֆոնների տեսակները՝ փոխհատուցելով ֆլագմենային և յուրօրինակ սմարթֆոնների արտադրությամբ:
Google-ի և Motorola-ի համատեղ նախագիծը կրում է X Phone անվանումը, սակայն ամենայն հավանականությամբ մինչև շուկա դուրս գալը այն կստանա նոր անվանում: Սարքի բնութագրիչների և արտաքին տեսքի մասին տեղեկությունները հույժ գաղտնի են պահվում:
Հայտնի է դարձել միայն այն, որ Google-ը պատրաստվում է օգտագործել սմարթֆոնում ժեստերի ճանաչման Viewdle տեխնոլոգիան:
Կան նաև տեղեկություններ այն մասին, որ ֆլագմենային սմարթֆոնին զուգահեռ պլանավորվում է թողարկել X Tablet կոդային անվան տակ հայտնի պլանշետը: