Lragir.am-ը գրում է․
Երևանում ձնամաքրման աշխատանքները չկատարելու հետևանքով վերջին օրերին լուրջ վնաս է կրել ճանապարհների ասֆալտային ծածկը: «Ասֆալտն արդեն ծակվել է»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա հիշեցրեց, որ Երևանի այս տարվա բյուջեով ասֆալտապատման համար, նախորդ տարիների համեմատ, շատ քիչ գումար է հատկացվել: Այս ոլորտում ծախսերի կրճատմանը քաղաքապետարանը գնացել էր այն բանից հետո, երբ տարիներ շարունակ քննադատվեց, թե ասֆալտապատման ոլորտում «փողերի լվացում» է տեղի ունենում: Բայց, ինչպես այս օրերի դիտարկումներն են ցույց տալիս, Բախշյանի խոսքով, նույնիսկ քաղաքի կենտրոնական փողոցներում ասֆալտը վնասվել է:

«Մաշտոցի պողոտայում արդեն ասֆալտը լավ անցքեր ունի, անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել վերականգնելու համար: Դրա համար պետք է նայել, թե այդ որ կազմակերպություններն էին, որ նախորդ տարի ասֆալտ արեցին, բայց այսօր նորից ասֆալտի կարիք կա: Հարավ-Արևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցով էի քիչ առաջ անցնում, արդեն ասֆալտը լավ ծածկծկված է: Եթե չեմ սխալվում, նախորդ տարի այդ փողոցն ասֆալտապատեցին կամ գուցե հազիվ մի երկու տարի առաջ, և այսօր այդ ամենը նորից վերականգնելու կարիք կա»,- ասաց նա:

Անահիտ Բաշխյանի խոսքով՝ ստեղծված պատկերը վկայում է այն մասին, որ ասֆալտապատում իրականացնող ընկերություններն ընդամենը «թքում-կպցնում» են, որպեսզի հաջորդ տարիներին էլ աշխատանք ունենան: Ըստ նրա՝ այստեղ պետք է հերթական անարդյունավետ ծախսն արձանագրենք: Արդեն գարնանից քաղաքացիները կապահանջեն այս կամ այն փողոցը բարեկարգել, բայց ասֆալտապատման համար բյուջեով նախատեսված գումարները չեն հերիքի: Հետևաբար, լրացուցիչ հատկացումներ անելու կարիք կլինի:

Անդրադառնալով ձնամաքրման աշխատանքներին՝ Անահիտ Բաշխյանը վիճակը կատաստրոֆիկ անվանեց՝ հավելելով. «Սա է մեր կառավարման համակարգը»:

Նրա խոսքով՝ Երևանի աղբահանության ու սանմաքրման պարտականությունները, իբր թե անցկացված մրցույթի արդյունքում, Սանիտեկ ընկերությանն է անցել: «Համենայնդեպս քաղաքապետարանից ասում են, որ ձնամաքրման աշխատանքներն էլ այդ ընկերությունը պետք է անի: Բայց դա պետք է վերահսկի քաղաքապետարանը, և հստակ խնդիրները պետք է դրվեն նրանց առաջ»,- ասաց Բախշյանը:

Նա նկատում է, որ այս տարի Երևանում ձնամաքրման աշխատանքներն ավելի վատ են ընթանում, քան նախորդ տարիներին էր. այս տարի նույնիսկ կենտրոնական փողոցներն ու մայթերը չեն մաքրվում: Նախկինում վարչական շրջաններում ավելի օպերատիվ կերպով էին մաքրում, աղ ու ավազ լցնում փողոցներում:

«Ես փողոցում տեսա, որ Սանիտեկի արտահագուստով կանայք էին մաքրում ձյունը: Իսկ տեխնիկան, որը ներկրում էին, ասում, թե ֆանտաստիկ տեխնիկա են ներկրել, հայտնի չէ, ինչու չի գործում: Ես մի քանի անգամ տեսել եմ, երբ քաղաքապետի տեղակալ պարոն Արեյանը հպարտանում էր, թե իբր ամեն ինչ արվում է: Անշուշտ, վերահսկողությունը քաղաքապետարանի վրա է, բայց Սանիտեկի պատրաստվածությունը ձմռան այս սեզոնին անպատրաստվածության մասին վկայեց”,- նշեց նա՝ հավելելով, որ եթե եղանակային տաքացումները չլինեին ու ձյունը չհալվեր, Երևանում ավելի բարդ իրավիճակ կստեղծվեր:

Երևանի բյուջեից տարեկան ավելի քան 7 մլրդ դրամ է հատկացվում շրջակա միջավայրի պահպանության ու սանմաքրման համար: Անահիտ Բաշխյանի խոսքով՝ այդ գումարները Սանիտեկին են հատկացվել, բայց արդյունքը տեսանելի չէ: “Գումարը գնում է, պայմանները պայմանագրով ամրագրված են, բայց մեր երկրում ամեն ինչ թղթի վրա է»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել