Բոլորը գիտեն Շամշյանին, բոլորը խոսում են Շամշյանի մասին, բոլորը դեմքով ճանաչում են Շամշյանին։ Իրականում, շատ հազվադեպ է լինում, որ անհատը, ով ֆոտոլրագրությամբ է զբաղվում, վայելի սելեբրիթիի մակարդակի ճանաչում՝ համազգային մասշտաբով ու հասնի դրան իր մասնագիտական գործունեության շնորհիվ, որը ենթադրում է, որ ինքն օբյեկտիվի մյուս կողմում մնա։ Սակայն կա մի Շամշյան, ով հանրային ընկալման մեջ ձևավորված մտացածին պերսոնաժ է, ու կա իրական Շամշյան, ում մասին շատ բաներ հայտնի չեն հասարակության լայն շերտերին։ Հիմա ես ձեզ կասեմ հինգ պատճառ, թե ինչու է Շամշյանն ամենալավ ֆոտոլրագրողը Հայաստանում։
1. Անսահման աշխատասիրություն
Շամշյանն իսկական աշխատամոլ է։ Նա հասանելի է 24 ժամ ու ապրում է իր գործի համար։ Նա աշխատում է օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում, ցանկացած եղանակային պայմաններում ու ցանկացած իրադարձության շուրջ, որը մտնում է նրա հետաքրքրությունների ոլորտ։ Դրա համար էլ Շամշյանը միշտ առաջինն է լրագրողներից, ով լինում է դեպքերի վայրերում ու առաջիններից է լինում, ով անգամ համապետական նշանակության իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակում։
2. Օպերատիվություն ու անկեղծություն
Անկախ նրանից, թե ինչ է լուսաբանում Շամշյանը, դուք կարող եք վստահ լինեք երկու բանում. Շամշյանն օպերատիվ կերպով ժամանելու է դեպքի վայր ու անելու է հնարավորինը, որպեսզի արձանագրի կատարածը։ Ընդ որում, լուսաբանելուց էլ անելու է դա բոլոր հնարավոր մանրամասներով՝ երբեմն դա համեմելով զուտ շամշյանական անկեղծությամբ ու կոլորիտով. ով, ինչ, որտեղ, երբ... Ինչպես ասես կարելի է վերաբերվել դրան, բայց այսօր Հայաստանում օպերատիվ լրագրությունն ասոցացվում է հենց Գագիկ Շամշյանի անվան հետ, որովհետև այս հարցում նա, իրոք, լավագույնն է։
3. Լրագրողական ուղղության առաջամարտիկ
Ինչպես ուզում եք վերաբերվեք Շամշյանին, բայց մի բան անհերքելի է. իր ֆորմատի՝ ֆոտոլրագրության մեջ Շամշյանն անգերազանցելի մեծություն է, եթե չասենք այդ ուղղությունը Հայաստանում մասսայականացնելու գլխավոր «մեղավորն» ու պատասխանատուն։ Այսօր մեդիա դաշտում էլի ֆոտոլրագրողներ կան, բայց քանիսի՞ն կարող են փողոցում ճանաչել լրիվ անծանոթ մարդիկ, քանիսի՞ շուրջ կարող են բուռն ֆեյսբուքյան բանավեճեր ծագել, ու քանիսի՞ մասին կարող են իմանալ նույնիսկ զառամյալ տատիկները։ Աներկբա փաստ է, որ Շամշյանն այս ուղղության գլխավոր դրոշակակիրն է, ու դժվար է պատկերացնել անգամ, որ տեսանելի հեռանկարում կգտնվի մեկը, ով կկարողանա մղել Շամշյանին երկրորդ պլան։
4. Անշահախնդրություն ու ասկետիզմ
Շամշյանը գիտի, թե ինչ է նշանակում կիսվել։ Երբեք չեք լսի, որ Շամշյանն ինչ-որ մեկից գումար պահանջի՝ իր նյութերը, լուսանկարները կամ էլ իր կողմից առաջինը պարզած լուրերը տարածելու համար։ Իրականում, այս առումով Շամշյանի հետ լեզու գտնելը շատ հեշտ է։ Ընդհանրապես, նա այն եզակի մարդկանցից է, ընդ որում, ոչ միայն մեդիա դաշտում, ով, լինելով իր աշխատանքի ֆանատ, երբեք չի անում դա հանուն գումարի։ Նա աշխատում է հանուն աշխատելու, իսկ անշահախնդրությունը նրա մոտ այն աստիճան է արտահայտված, որ նրան հանգիստ կարելի է կոչել ասկետ։ Նա չի հագնում թանկ շորեր, նա չունի ավտոմեքենա, նա չի բռնում թանկ հեռախոսներ։ Նա անգամ վարձով է բնակվում, քանի որ ժամանակին իրեն պատկանող բնակարանը վաճառել էր, որպեսզի այդ գումարով Երևանի պետական համալսարանի բակում խաչքար տեղադի` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված լրագրողների, մտավորականների և ուսանողների։ Իր աշխատած փողով թերևս միակ թանկարժեք բանը, որ նա իրեն թույլ է տալիս, տեսախցիկներն են ու դրանց պարագաները, այն էլ կրկին՝ աշխատանքի համար։
5. Մարդկայնություն
Շամշյանն, իրոք, շատ մարդկային է ու կարեկից։ Նա շատ մարդկանց է օգնում ու դրա մասին չի բարձրաձայնում, և արդյունքում դրա մասին իմանում ես ուրիշներից։ Այստեղ են ասել, որ աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Տպավորություն է, որ նա իր եկամուտների առյուծի բաժինն ուղղում է ուրիշներին օգնելուն։ Լսել եմ նաև, որ նա հաշմանդամություն ունեցող մարդկանց է աշխատանքի վերցնում իր մոտ, որպեսզի գոնե այդ կերպ կարողանա օգնել նրանց։
Բոլոր այս հանգամանքները միասին թույլ են տալիս միանգամայն այլ հայացքով նայել Գագիկ Շամշյանին ու հանգիստ խղճով պնդել, որ Շամշյանն ամենալավ ֆոտոլրագրողն է Հայաստանում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1643602325904755&set=a.1536515546613434.1073741827.100007650090885&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել