The Social AnimalԱյսպիսի մի կարծրատիպ կա, թե սովետական կրթահամակարգը ոտքից գլուխ գաղափարականացված էր (այո, այդպես էր), իսկ արևմտյանն ազատ է գաղափարախոսական կապանքներից։ Արևմտյանում էլ շատ-շատ ուժեղ են գաղափարախոսական կաղապարներն ու սահմանները։ Իհարկե, վերահսկողությունն ավելի փափուկ է, առանձին մարդկանց (ասենք՝ Չոմսկուն) թույլատրվում է սրտներից ինչ գալիս է ասել, բայց ոչ ավելին։

Ինչու սա հիշեցի. երեկ որոշել էի երեկոյան կոմպի մոտ չնստել, փոխարենը գիրք վերցնել։ Գիրքը՝ մի քանի անգամ արդեն կարդացած The Social Animal-ն էր, որը ժամանակակից սոցիալական հոգեբանության, կարելի է ասել, հիմնարար տեքստերից մեկն է։ Այն օգտագործվում է որպես դասագիրք և վերահրատարակվել է 11 անգամ։

Որոշեցի այդ գրքից մի քանի հարմար օրինակ ընտրել գալիք Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցում քարոզչության մոդուլի համար։ Բայց փոխարենը ստացվեց ընտրել օրինակներ քննական մտածողության մոդուլի համար, քանի որ քննական ընթերցման ընթացքում այնքան բացթողումներ հայտնաբերեցի, որ ապշել էի. գրեթե ամեն էջում կային շատ կատեգորիկ ձևով արտահայտված, բայց չհիմնավորված կամ անապացուցելի պնդումներ։ Ընդ որում, «գռդոնը» սկսում էր հենց այն տեղերում, որտեղ հեղինակն անցնում էր պոլիտկոռեկտության գաղափարախոսության բացահայտ քարոզչության։ Դա այդքան զավեշտալի չէր լինի, եթե հեղինակն ինքն ամեն քայլին չշեշտեր սթափ ու անկաշկանդ վերլուծության և քննական մոտեցման առավելությունները։

Հ.Գ. Պնդումս, որ արևմտյան համակարգը պակաս գաղափարականացված չէ քան սովետականը, բնականաբար, հիմնված չէ միայն այս օրինակի վրա, օրինակն ուղղակի առիթ էր նորից հիշելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել