Սիրելի՛ համաքաղաքացիներ,
ավարտվում է 2015 թվականը: Ու Երևանը հերթական անգամ դիմավորում է տարվա ամենաջերմ ու ընտանեկան տոները՝ Նոր տարին և Սուրբ Ծնունդը:
Ավանդույթի համաձայն` տարեվերջին ամփոփում ենք անցնող տարվա ընթացքում արված աշխատանքը՝ ևս մեկ անգամ կարևորելով դրանց իրականացման մեջ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու հոգատարությունը:
Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ արդյունավետ աշխատանքի և ձեռքբերումների տարի էր Երևանի համար: Մենք կարողացանք կյանքի կոչել նաև տարիներ շարունակ անլուծելի թվացող մի շարք ծրագրեր, որոնցում շատ են հատկապես սոցիալական նշանակության ծրագրերը: Համոզվա՛ծ եղեք, որ մեր համաքաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող բոլո՛ր ծրագրերը լինելու են շարունակական, և մենք հետզհետե լուծելու ենք այն խնդիրները, որոնք դեռևս առկա են Երևանում:
Քաղաքի բնակիչների հետ համագործակցության, ամենօրյա հոգատար աշխատանքի շնորհիվ մեր սիրելի մայրաքաղաք Երևանն արդեն մոտ ապագայում կլինի էլ ավելի հարմարավետ և գրավիչ: Ու վստա՛հ եմ, որ 2016-ին էլ նույն պատասխանատվությամբ և նվիրված աշխատանքով, միասին շարունակելու ենք նպաստել մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի զարգացմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
մայրաքաղաքի սիրելի՛ բնակիչներ և հյուրեր,
այս օրերին յուրաքանչյուր հայ օջախում շնորհավորանքի ջերմ խոսքեր են հնչում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Սիրով միանալով բոլոր բարեմաղթանքներին՝ անսպառ ջերմություն ու անսահման սեր եմ մաղթում բոլորիս ընտանիքներին:
Թող 2016 թվականը խաղաղության, համերաշխության, վերելքի ու բարօրության տարի լինի մեր երկրի, մեր ժողովրդի ու մեր սիրելի մայրաքաղաքի համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել