Tigran Urikhanyan, Տիգրան Ուրիխանյան

Ես հասկացա, որ կարիքը կա՝ իմ կողմից մի փոքր ավելի ծավալուն պարզաբանում ու մեկնաբանություն անելու։
Հարգելիներս։ Ես չեմ պնդում, և ինքս էլ, անկեղծ, չեմ կարծում, որ Ուրիխանյանին նվիրված դեմոտիվատորը ահավոր հաջողված է զուտ արվեստի, ճաշակի տեսակետից։ Ավելին, այն նույնքան ցածրարվեստ է, որքան ցածր է չափանիշը՝ քաղաքական գործիչ կոչվելու համար։ Ինչ վերաբերում է դրանում արտահայտած գաղափարին՝ թույլ տվեք մի փոքր ծավալվել ու մանրամասն նկարագրել պրոցեսը, որի արդյունքում ստեղծվեց այդ դեմոտիվատորը։
Սկսեմ նրանից, որ Ուրիխանյանի՝ «Տարվա ամենաոճային քաղաքական գործիչ» ճանաչվելու մասին լուրին տեղեկացել եմ ֆեյսբուքում տեղադրված kamoblog.am տանող հղումով։ Ինձ թվում է՝ կարիք չկա պատմելու, թե որն է այդ կայքի ուղղվածությունը, այն է՝ քաղաքականության հետ մինչ այդ ընդհանրապես ոչ մի կապ չունենալը։ Այդ պատճառով իսկ միանգամից զարմացա. ի՞նչ գործ ունի քաղաքական գործչի մասին նյութը շոու-բիզնեսի, «գլամուրի», թիթիզության, աստղային փայլիկներով լուսանկարների կողքին։ Կարդալով նյութը՝ էլ ավելի զարմացա, որ լինելով քաղաքական գործիչ, պարոն Ուրիխանյանը ոչ միայն համաձայնվել է այդ կոչումը իրեն շնորհելու հետ, այլ նաև հպարտորեն կիսվել է այդ լուրով իր ֆեյսբուքյան էջում։ Ես ոչ մի դեպքում չեմ ցանկանում վիճարկել պարոն Ուրիխանյանի ոճայնությունը. կոչումը շնորհողների մասնագիտական հմտությունները այդ հարցում հաստատ ավելի խորն են, քան իմը։ Բայց այն, որ անմիջապես պատկերացրեցի պարոն Ուրիխանյանի պաշտոնական դեֆիլեն ԱԺ նիստերի դահլիճում, փաստ է։ Փաստ է նաև, որ ոճայնության իմ ունեցած պատկերացումները միանգամից կապում են այդ բառը իգական սեռի հետ։ Այո, ես կարծում եմ, որ լուրջ տղամարդու համար, որի մասնագիտական գործունեությունը կապված չէ իր մարմնական, ֆիզիկական տեսքի հետ (օրինակ՝ մոդելի, դերասանի) ընդհանրապես սազական չէ ի ցույց աշխարհի դնել սեփական «նվաճումները» այդ ոլորտում։ Չէ, իհարկե հասկանում եմ, երբ ուրիշ ոչինչ չունես արած (խոսքը մասնագիտական գործունեության մասին է)՝ դա է մնում։ Այո, ես կարծում եմ, որ ոճայնությամբ հպարտանալը մանեկենուհիների, դերասանուհիների և այլ գեղեցկուհիների մենաշնորհն է։ Դուք, իհարկե, կարող եք ինձ հետ չհամաձայնել այս մտքի շուրջ։ Բայց եթե դատեք ինձ այն ամենի համար, ինչի շուրջ մենք տարաձայնություններ ունենք, կարող ենք համարել, որ դեկտեմբերի 21-ին նշանակված միջոցառումը կայացավ՝ մեծ շուքով։
Հիմա փորձեք կարդալ այս տեքստը և մի պահ հարցնել ինքներդ ձեզ՝ ունեի ես ուրիշ միջոց, որպեսզի այս մտքերս գրաֆիկական տեսքով պատկերեի։ Եվ եթե տեքստն ու պատկերը նույն գաղափարն են արտահայտում, ապա՝ արդյո՞ք այս տեքստն էլ է վիրավորում պարոն Ուրիխանյանին։
Եվ եթե վիրավորում է, միգուցե ես է՞լ դիմեմ դատարան, քանի որ նրա պաշտոնական կայքում տեղադրած նկարներն էլ արատավարվում են իմ՝ ՀՀ քաղաքացուս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Չէ՞ որ ես էլ կարծում եմ, որ ՀՀ պատգամավորը փոքր-ինչ այլ զբաղմունք ու հպարտություն պետք է ունենա, քան «կյաժի» ու «ջպի» նկարվելն է։

Tigran Urikhanyan, Տիգրան Ուրիխանյան



http://alkhimik.livejournal.com/354012.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել