Հայ հոգուն հարցում արի՝ կյանքի՞ց ինչ ես ուզում: Ասաց՝ մի լավ երկիր կառուցեի...
Ասացի՝ «Լա՜վ, հիմա ինձ լսիր:
Երկիր կառուցելը սկսիր հղի կնոջից, պտղի կրթությունից ու դաստիարակությունից: Թող մոր արգանդում պտուղը լսի մայրենի բառ ու բան, պարի յարխուշտա, լսի մշո գորանի...»: Այստեղ հայ հոգու աչքերը փայլեցին... Գլխի ընկավ, որ ճիշտ բան եմ ասում: «Հետո՞», - հարցրեց հայ հոգին...
«Հետո, - ասացի, - թող ամեն հայ մարդ ականջին օղ անի՝ իր ազգի էությունից ու մշակույթից բխող ապրելակերպ ստեղծի ու դրանով ապրի: Նախ՝ առողջացրու մոր կաթը, նրա մեջ թող մշակույթի հորմոններ լինեն... Հետո բոլոր տարիքի երեխաների, մոր և հոր, ահելի ու ջահելի առողջ ապրելակերպն առողջացրու: Եվ տես, թե էդ ապրելակերպդ ստեղծելու համար ի՞նչ է պետք - էդպիսի երկիր կառուցի՜ր»: «Հա՞, - քրթմնջաց հայ հոգին, - բա ես կարծում էի, թե հակառակն է ճիշտը...»:
Ժողովուրդ ջան, էստեղ ես ոգևորվեցի, ոնց որ թե հայ հոգու սամթը բռնել էի... Եվ շարունակեցի. «Հայ հոգի, մի բան ասեմ, չնեղանաս - գիտե՞ս, թե ինչու՞ է Հայաստան երկիրը էս օրին ընկել - որովհետև հեռացել է Արարչից ու իր օրենքներից: Ասում են, չէ՞, կապը կտրած - հենց էդ կապը կտրածը որ կա՝ մեր ազգն է...»: Տեսա՝ հայ հոգու դեմքը վիրավորանքից ծամածռվեց՝ ոնց թե՜ կապը կտրած, բա ինքը էդպիսի հոգի՞ է, և շտապ ավելացրի. «Հայ հոգի՜, գնա՜, քո քաղցր Մշակույթին տեր կանգնիր, նրա միջոցով Արարչի հետ կապդ կվերականգնես, և Արարիչը ամեն օր քեզ կհուշի, թե ինչպես կառուցել մեր երկիրը... Դրա համար էլ մի փոքր գործ կար, որ արել ենք - Նոր Սահմանադրություն ենք մշակել... Հետն էլ՝ նոր երկիր կառուցելու սարքն ու կարգն ենք մեջտեղ բերել...»
Ես լռեցի... Հայ հոգին երկար ինձ նայեց, մեկ էլ անակնկալ ասաց. «Լևոնը էս վերջին անգամ լավ խոսեց, չէ՞...»: «Ո՞վ, - չհասկացա ես, - հա՜, ԼՏ-Պ-ն...»: Մեկ էլ հայ հոգու աչքերը նորից փայլեցին, մի անբնական փայլով, և նա Ճչաց. «Լևո՜ն, նախագա՜հ... Լևո՜ն, նախագա՜հ...»: Այսպես ճչալով՝ հայ հոգին շուռ եկավ և սուրաց փողոցով... Հայ հոգին այդպես փախավ ինձանից, ես էլ գնացի իմ գործին...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3617662100708
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել