Ավարտվում է 2015 թվականը, չեմ ցանկանում անդրադառնալ այն կարևոր հիշատակի իրադարձություններին, որոնք եղան անցնող տարում, ցանկանում եմ անդրադառնալ քաղաքացիական ավիացիային։ Ցավոք, այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիշեցնում է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանի օդանավակայանը, չվերթների 80 տոկոսը բաժին է ընկնում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքներին։ Ավիացիայի պատասխանատուները գոհունակությամբ տարվա վերջին ազդարարում են, որ լեհական և չեխական ավիաուղիները վերադարձել են հայկական շուկա։ Բոլորի համար պարզից պարզ է, որ դա շատ քիչ է, քաղաքացիական ավիացիայի պատասխանատուները, կարծում եմ, գոհունակությամբ կխոսեն միայն այն ժամանակ, երբ Երևան կժամանեն ինքնաթիռներ Բրյուսելից, Մյունխենից կամ Ֆրանկֆուրտից, Ցյուրիխից, Ամստերդամից, Լոնդոնից (քաղաքների ցանկը կարելի է շարունակել) և, բնականաբար, հակառակ ուղղությամբ կուղևորվեն։ Թե չէ ի՞նչ է ստացվում, որքան գիտեմ՝ տարածաշրջանում ամենաժամանակակից օդանավակայանն ունենալով հանդերձ՝ մեր ուղևորները ոչ միայն հնարավորություն չունեն ուղիղ չվերթով հայտնվել Եվրոպայում, այլև գների թանկության պատճառով նախընտրում են Թբիլիսիով թռչել իրենց նախընտրած ուղղությամբ... Սա ռազմավարական հարց է, պետք է քրտնաջան և արդյունավետ աշխատանք, այլապես «Զվարթնոցը» գավառական մակարդակից դուրս չի գա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել