Ինչքան ինձ հիշում եմ՝ Նոր տարին միշտ այսպես էր. մարդիկ վազվզում էին, մթերք հայթայթում, ոմանք պարտք էին վերցնում, եփում-թափում, ուտում-խմում։ Ու ամենակարևորը՝ միշտ դժգոհում էին։
Բայց կար մի կարճատև ժամանակաշրջան, երբ մարդիկ Նոր տարուց դժգոհ չէին, ավելին՝ երջանիկ էին։ Դա հեռավոր 90-ականների սկզբին էր։ Ճիշտ եք՝ մութ ու ցուրտ տարիներին։ Դժգոհ չէին, քանի որ Նոր տարվա օրերին համարյա շուրջօրյա լույս ունեին։ Ուտելիքի հարցը վատ էր, բայց քանի որ համարյա բոլորի համար էր վատ, դժգոհելը կարծես դառնում էր անիմաստ։
Որքան լույսը շատացավ, այնքան ավելացավ դժգոհությունը, ու հիմա մտածում եմ, որ ուրիշ կերպ չի էլ կարող լինել։ Պատկերացրեք մի հասարակություն, ուր բոլորը կյանքից գոհ են։ Այդպիսի բան վերջին անգամ եղել է Տիգրան Մեծի օրոք, այն էլ՝ պատմիչների ասելով։
Ինչևէ։ Նոր տարին ամեն մարդ պետք է նշի այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Ուզում ես՝ բուդ առ, չես ուզում՝ մի առ, ուզում ես՝ Նոր տարին դիմավորիր «Շանթի» եթերի հետ, չես ուզում՝ Հ1 նայիր։ Եվ այսպես շարունակ, բայց մի մտածիր, թե մյուսները «քըխիկ են», որովհետև անում են ձեր արածի հակառակը։ Սա՛ է կարևորը։
Կեցցե Նոր տարին՝ իմ ամենասիրած տոնը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/633733803396207?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել