Չի կարելի ողջ օրը միայն ողբալ, միայն հոռետեսական մտքեր ունենալ ու այն տարածել: Կյանքը բոլոր պայմաններում էլի շարունակվել է ու շարունակվում է: Թողեք, որ մարդիկ մի փոքր կարողանան ուրախանալ, ժպտալ: Ամանոր է, ուրեմն թող Ամանորի տրամադրություններն էլ լինեն:
Հաղթում է ուժեղը, այլ ոչ լալկանը: Միայն ուժեղը կարող է ժպտալ, ծիծաղել ու կատակել: Անգամ ցավի մեջ:
Գ. Նժդեհն այսպիսի վճռակ (աֆորիզմ) ունի. «Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր անկատարելությունից, որն արդյունք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների»:
Արցախյան պատերազմի տարիներին, երբ ամեն օր զոհ կար, էլի կյանքը կանգ չէր առնում:
Մի դեպք հիշեցի: 1992-ի դեկտեմբերի կեսերին, երբ միաժամանակ մարտեր էլ էին ընթանում, Արցախի բոլոր զորանոցներում, ուր հեռուստացույց ու հասանելի եթեր կար, բոլոր զինվորականները նստած նայում էին Հայաստանի ու Ադրբեջանի «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН-ի) եզրափակիչ խաղը: Ու ոչ մեկի մտքով չէր անցնում ասել, որ կռիվ է գնում, ինչո՞ւ են նման ուրախ հաղորդումներ ցուցադրում:
Այնպես որ, հարգելի հասկացող հայրենակիցներ, համակարգիչների առջև նստած՝ Հայաստանում, թե արտերկրում, բացասական ու նեգատիվ տրամադրությունների շղթայական «կրակահերթերը» սոցցանցերում մի քիչ նվազեցրեք: Մարդկանց, դիմակայելու կյանքի դժվարություններին ու մի փոքր կտրվելու համար առօրյայից, երբեմն ուրախ ընդմիջումներ են պետք: Այլապես ավելի եք նպաստում կոտրվելուն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10208628214450850?notif_t&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել