Հովհաննես Քաջազնունի. «Մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք»... 20-րդ դարասկզբին մեր կողմից միայն մեկ ուղղվածությամբ տարվող «դաշնակցային պարտավորությունները» մեծ աղետների պատճառ դարձան մեզ համար և ի վերջո 1920 թվականի աշնանը հանգեցրին Հայաստանի անկախության կորստյանը: Այդ ժամանակ Հայաստանը հայտնվել էր բոլորի կողմից լքված ու միայնակ վիճակում. առանց ոչ մի «դաշնակցի», առանց ոչ մի երաշխիքների, չորս կողմից շրջապատված թշնամական երկրներով՝ Հայաստանն ուղղակի մնաց մամլիչի տակ` թուրքական սալի և ռուսական զնդանի արանքում:

Ինչո՞ւ դա եղավ: Այդ մասին ուշագրավ դիտարկումներ ունի Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին 1923-ին գրված իր զեկուցագրում: Հայաստանի Հանրապետության անկումը, ըստ Քաջազնունու, առաջին հերթին պատճառ էր Հայաստանի կառավարության սխալ և անհեռատես արտաքին քաղաքականության: Քաջազնունին նշում է, որ այդ ծանրագույն պահին անհրաժեշտ էր սթափ և իրատեսական գնահատել ստեղծված ճակատագրական իրավիճակը ու փորձել ելքեր փնտրել՝ գուցե նաև բանակցելով հարևանների հետ՝ ամեն գնով պատերազմից խուսափելու համար:

Քաջազնունին մասնավորապես գրում է. «Չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարհել ենք հակառակ ուժերը և թեթևամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ: Այս ենթադրություններով հանդերձ՝ մեկ փաստ մնում է անհերքելի, աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ հայ-թուրքական պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ: Սա է, որ չենք արել:

Ու չենք արել շատ պարզ, բայց նույնիսկ նույնչափ էլ աններելի պատճառով՝ մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ուժերի վրա: Այստեղ էր հիմնական սխալը: Չէինք վախենում պատերազմից, որովհետև վստահ էինք, թե կհաղթենք: Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ՝ մենք տեղեկություն չունեինք, թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին և չէինք զգուշանում: Հակառակը, մեր կողմից Օլթիի հապճեպ գրավումը ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս էինք որոնում ու ցանկանում պատերազմ:

Երբ սահմանի վրա զինական ընդհարումները սկսվել էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել: Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը: Եվ դա մեծ հանցանք էր: Ոչ այն մտքով, որ վստահություն կար, թե բանակցությունները հաջողվելու են անպատճառ, այլ այն մտքով, որ մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր՝ գուցե անհավանական, բայց ոչ անկարելի: Համենայն դեպս, մենք որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու, բայց այդ փորձը չարինք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել