Lragir.am-ը գրում է․
Հայաստանի կառավարությունը 2016 թվականին նախատեսում է ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը հասցնել մոտ 50 տոկոսի, ինչը մասնագետները ռիսկային շեմ են համարում: Կառավարության 2016 թվականի պետական պարտքը կանխատեսվում է 5 մլրդ 66 մլն ԱՄՆ դոլարի չափով, որը շուրջ 400 մլն դոլարով ավելի է 2015 թվականի վերջին սպասվող պետական պարտքի չափից: Խնդրի շուրջ Lragir.am-ը զրուցեց տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյան, այս տարվերջին կառավարությունը նոր վարկեր ներգրավելու որոշումներ կայացրեց՝ էապես ավելացնելով Հայաստանի արտաքին պարտքի բեռը: Ինչի՞ հետևանք եք համարում սա:

Երբ մենք բոլոր հանգմանքները նայում ենք, հասկանում ենք, որ Հայաստանը, որը հորջորջվում է որպես գիտելիքահեն տնտեսություն ունեցող երկիր, շատ ավելի արագ տեմպերով պետք է աճի, քան աշխարհի միջինը: Երբ համեմատում ենք վիճակագրական թվերը, տեսնում ենք, որ նույն 2.2 տոկոս տնտեսական աճը, որը դրված է հաջորդ տարվա բյուջեի հիմքում, քիչ է, քանի որ 2016-ին ամբողջ աշխարհի տնտեսական աճի միջինը կանխատեսվում է 3.5 տոկոսի շրջանակներում: Այսինքն՝ մենք այլ հավասար պայմաններում ավելի քիչ մրցունակ ենք: Կարելի է ասել՝ գրեթե չենք զարգանում, երբ աշխարհը զարգանում է: Սա պարտքի ավելացման մեկ պատճառ:

Երկրորդը, վարկային բեռի ավելացումն այն բանի հետևանք է, որ վիճակագրական բազան ուռճացված է ու իրականության հետ ընդհանրապես որևէ կապ չունի, ինչի հետևանքով խնդիրները հաղթահարելը շատ ավելի դժվար է եղել: Բյուջեի եկամտային մասի ապահովման մասով, ակնհայտ է, որ խնդիրներ կան, դրա համար, որպեսզի սեկվեստրի խոսակցություններ չլինեն ընդհանրապես, այդ խնդիրները տեղափոխվել են 2016 թվական: Որպեսզի 2016-ին մենք էլի դա չզգանք, ամենահեշտ լուծումը վարկերն են: Այստեղ, իհարկե, կարևոր է մի լրացուցիչ գործոն էլ մտցնել՝ վարկերն ուղղակիորեն մեկի գրպանից մյուսի գրպանն են հոսում՝ հասարակության ուսերին ծանրացնելով վարկային բեռը: Այսինքն՝ իրենք չեն փորձում երբևէ որևէ ներքին արդյունավետություն բարձրացնել, ամենահեշտ ձևը վարկեր ներգրավելն է: Իմ կարծիքով՝ շատ քննադատելի է նաև այն դոնոր կազմակերպությունների գործելաոճը, որոնք նմանօրինակ վարկեր են տալիս: Եթե տեսնում են, որ դույլը ծակ է, այդ վարկերը որևէ արդյունավետություն չեն տալիս, ինչո՞ւ են տրվում: Ես ուսումնասիրել եմ ու պարզել, որ վարկերի մեծ մասը ենթակառուցվածքներին են հատկացվում, այսինքն՝ շինարարությանը: Շինարարությունը ողջ աշխարհում ամենառիսկային ոլորտն է, և հասկանալի է, որ այստեղ կոռուպցիոն բավական մեծ հավակնություններ կան: Քննադատելի է, որ դոնորները շարունակաբար լցնում են ծակ դույլը՝ առանց դիտարկելու ծրագրերի ու ծախսի արդյունավետությունը, որը նույնիսկ Վերահսկիչ պալատը բազմիցս ներկայացրել է, որ հեռու է բավարար լինելուց:

Այսինքն՝ նախ պետք է վարկերի ծախսի արդյունավետության հարցը լուծվի՞:

Այո: Եթե մենք շահարգրգռված ներդրող ենք, առաջին հերթին պետք է նայենք այդ օգտագործված վարկերն արդյո՞ք իրենց նպատակին ծառայել են: Եթե վարկերն իրենց նպատակին ծառայեին, դրա արդյունքը պետք է լիներ տնտեսական աճը: Եթե տնտեսական աճը, օրինակ, 3.5 տոկոս է, հետևաբար հասկանալի չէ, այդ լրացուցիչ տնտեսական աճը, որի համար վարկեր են տրամադրում, ինչո՞ւ է ավելի ցածր: Դրա միակ պատասխանը, իմ կարծիքով, այն է, որ վիճակագրության բազան քանի որ ուռճացված է, աճ նկարելը շատ ավելի դժվար է լինելու, հետևաբար այդ վարկերն ուղղվում են, որպեսզի ժողովրդի լեզվով ասած, թարազուի բերեն այն, ինչ եղել է մինչև հիմա: Դոնորները, եթե տեսնում են, որ անարդյունավետություն կա, բայց շարունակում են վարկ տրամադրել, դա նշանակում է մեկ բան՝ իրենք բանկ են և շահարգրռված են վարկավորել, որովհետև գիտեն, որ կառավարություններն ու պետություններն ամենահուսալի գործընկերներն են:

Նախատեսվում է հաջորդ տարի մոտ 50 տոկոսի հասցնել ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը: Սա ի՞նչ ռիսկեր է պարունակում մեր երկրի համար:

Երբ մենք փորձում ենք աշխարհի մակարդակով նայել արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունները, 50 տոկոսը գիտական վերլուծության արդյունքում է հաստատված: Այդ շեմը շատ արհեստական է եղել և հիմնականում կիրառվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Ավելին, երկրներ կան, որտեղ այդ հարաբերակցությունը շուրջ 400 տոկոս է: Այստեղ խնդիրը ոչ թե շեմի մակարդակն է, այլ այն, թե որքանո՞վ են ներդրումները ծառայում իրենց նպատակին: Շատ արդյունավետ կլինի, եթե այդ վարկերը որոշակիորեն փոխեն մեր տնտեսական մոդելը:

Մեծ գումարներ ենք վերցրել՝ իբր թե տնտեսությունը զարգացնելու համար, բայց ասում ենք՝ մեր տնտեսական աճը գյուղատնտեսության աճով է պայմանավորված, մյուս գործոնը ժամանցի կենտրոններն են, խաղատները: Երբ այս երկու բնագավառներն ենք նայում, դրանք եկամտաստեղծ չեն, հարկային մուտքերը շատ չեն, մենք վարկը վերցնում ենք, որ ինչը խթանենք: Հայաստանի համար հաջորդ կարևոր ոլորտը հանքահումքային ռեսուրսների արտահանումն է, որը ևս կարծես թե ՀՀ կողմից խթանելու հետ կապ չունի, որովհետև միտումները ձևավորվում են միջազգային բորսայում առաջարկի ու պահանջարկի հիման վրա: Այստեղ կառավարության անելիքները մի փոքր անհասկանալի են: Այսինքն՝ այստեղ էլ մենք դասական առումով գործ ունենք մի ստանդարտ ձևակերպման հետ, որը որևէ կերպ չի բերում նրան, որ մեզ մոտ ավելի զարգանան նորարարությունները, այն բնագավառները, որոնք իրոք երկարաժամկետ և կայուն տնտեսական աճ են տալիս: Այսինքն՝ մենք նույն տնտեսական փտած մոդելով փորձում ենք էլի վարկեր ներգրավել՝ իբր տնտեսական աճ ապահովելու համար, բայց նույնիսկ այդ վարկերի պայմաններում տնտեսական աճը հեռու է այն երկրների ցուցանիշից, որոնց հետ մենք համեմատվում ենք: Եվ մի կարևոր գործոն էլ կա՝ այդ երկրներն այդ ծավալի վարկեր չեն վերցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել