Խորհրդային Միությանը կարելի է շատ բաներում մեղադրել (մարդու իրավունքների խախտումներ, մենակուսակցական համակարգ, ազգային բոլոր խնդիրների ճնշում), սակայն այն, որ մենք մշակույթ և կրթություն ձեռք ենք բերել հենց այդ տարիներին, փաստ է: Համարյա հարյուր տոկոս կրթվածությանը կարող են նախանձել անգամ աշխարհի ամենազարգացած երկրները: Մորական պապս և տատս, օրինակ, Հայաստան են ներգաղթել 1946 թ.-ին Հունաստանից: Երբ տատիկս պատմում էր, թե ինչ վիճակ էր Հայաստանում այդ տարիներին, անգամ ամենամղձավանջային երազում դժվար էր պատկերացնել: Բայց աշխարհի մի քանի տասնյակ երկրներից կազմակերպված ներգաղթը մեր երկրին տվեց այն, ինչի կարիքն իսկապես ունեինք. Հայաստան եկան լավագույն արհեստավորները, մտավորականները, խոհարարները, ինժեներները, այգեգործները և այլն և այլն... Նրանք բերեցին իրենց հետ այն երկրների մի մասնիկը, որտեղ հայտնվել էին Ցեղասպանության հետևանքով: Հայաստանին իսկապես այսօր էլ պակասում է ներգաղթի կազմակերպման պետական գործընթաց: Մերձավոր Արևելքը եռում է, սիրիահայերն արդեն իսկ մազապուրծ փախել են, բայց վաղը կարող է վտանգվել տասնյակ հազարավոր հայերի կյանքներ Լիբանանում, Հորդանանում և այլ երկրներում: Հայրենիքի գործն այստեղ է, ճառեր ասել միշտ էլ հնարավոր է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201320492372413
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել